«Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ը հայտարարել է Ռաքքայի ազատագրման գործողության մեկնարկի մասին
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը պաշտոնապես հայտարարել է սիրիական Ռաքքա քաղաքի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրման գործողության մեկնարկի մասին, գրում է բրիտանական Reuters գործակալությունը:
«Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ին և Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներին Ռաքքայի ազատագրման գործում աջակցում է ԱՄՆ-ի գլխավորած ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիան:
Դեռևս երկու օր առաջ ԱՄՆ-ն տեղեկացրել էր Թուրքիայի իշխանություններին սիրիական Ռաքքա քաղաքի ազատագրման գործողության մեկնարկի մասին: Վաշինգտոնը նաև երաշխավորել է Անկարային, որ Սիրիա մատակարարվող զենքը չի հայտնվի Թուրքիայի տարածքում:
Հիշեցնենք, որ մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներին (YPG) զենք տրամադրելու մասին որոշումը, որը խիստ հակազդեցության է արժանացել Թուրքիայում:










