Ռուսաստանն արգելափակել է Եվրոպայի խորհրդի բյուջե 11 միլիոն եվրոյի վճարումը
Ռուսաստանը 2018 թվականի համար Եվրոպայի խորհրդի բյուջե չի փոխանցի ամենամյա վճարման մեկ երրորդը: Այդ մասին հայտարարել է ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Արգելափակվել է փոխանցումը: Այնտեղ փուլերով է իրականացվում ֆինանսավորումը, և տարվա վերջին մնացած մեկ երրորդը չի փոխանցվի և վերջ»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ արգելափակված գումարը կազմում է մոտ 11 միլիոն եվրո:
ԶԼՄ-ներում բազմիցս բարձրացվել է Եվրոպայի խորհուրդ վճարման գումարի կրճատման հնարավորությունը՝ ԵԽԽՎ-ի աշխատանքին ռուսական պատվիրակության մասնակցության դադարեցման առնչությամբ:
Կայքը նշում է, որ Ռուսաստանը կազմակերպության բյուջե հիմնական վճարումներ անող երկրներից է՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, ինչպես նաև Թուրքիայի հետ միասին: Չնայած ԵԽԽՎ-ի աշխատանքներին չմասնակցելուն՝ Մոսկվան շարունակում է վճարումներ փոխանցել կազմակերպությանը, քանի որ դրանք Եվրոպայի խորհրդի մյուս վճարումների հետ մի ընդհանուր փաթեթում են:










