Թերեզա Մեյը վերընտրվել է Մեծ Բրիտանիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում

09:17 • 09.06.17

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը վերընտրվել է հունիսի 8-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում:

Ինչպես նշում է ria.ru-ն, վերընտրմանը հաջորդած կարճ ելույթում նա վստահեցրել է իր աջակիցներին, որ պահպանողականների կառավարումը երկրին կբերի կայունություն, ինչպես նաև շահեկան պայմաններ կապահովի երկրի համար Brexit-ի (Մեծ Բրիտանիայի` Եվրոպական Միության կազմից դուրս գալու գործընթացի) իրականացման հարցում:

Աղբյուրը մանրամասնում է, որ պահպանողականները ստացել են 304 մանդատ, սակայն, հավանաբար, կկորցնեն բացարձակ մեծամասնությունը: Իրադարձությունների նման զարգացման ֆոնին Մեյի հրաժարականի վերաբերյալ խոսակցություններ են սկսել շրջանառվել:

Հայտնի է, որ լեյբորիստները ստացել են 257 տեղ, մինչդեռ պահպանողականները մինչև 321 մանդատ ստանալու հեռանկար ունեն, սակայն դա բավարար չէ բացարձակ մեծամասնություն (326 տեղ) կազմելու համար: