Խոշորացումից հետո համայնքներից նույնիսկ 1 բնակիչ չի հեռացել. Աշոտ Գիլոյան
Համայնքների խոշորացման նպատակը բյուջեի համար գումար խնայելը չէ: Այսօր Համայնքների խոշորացում. արդյունավետ կառավարո՞ւմ, թե՞ լիազորությունների ու ֆինանսների կենտրոնացում» թեմայով քննարկման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը: Նրա գնահատմամբ՝ հիմքը կառավարման արդյունավետության բարձրացումն է:
«Համայնքների խոշորացման ծրագրի ընդդիմախոսներն ասում են, թե գումարը խնայելու համար են անում. ճիշտ չէ, քանի որ գումարը խնայվում է զուտ համայնքի համար: Գումար խնայելու խնդիր չկա, պարզապես կրճատված հաստիքները՝ հաշվապահներ, աուդիտորներ, քարտուղարներ, վերաիմաստավորվում են: Այս հաստիքների փոխարեն ստեղծվում են նոր հաստիքներ: Կարող են այցելել մեր նախարարության կայք, ուսումնասիրել վարչատարածքային բարեփոխումները, որտեղ կա 18 խոշորացված համայնքների պատկերը: Այդ ժամանակ կտեսնեք թե՛ ձեռքբերումները, թե համայնքային բյուջեի ծախսերը նախորդ տարիներին և խոշորացումից հետո: Ռեալ հաստիքներ են ստեղծվել, Զառիթափում 7 անասնաբույժ է ընդունվել, քանի որ անասնապահական շրջան է, և նրանք ծառայություն են մատուցում, ջրբաժանի, էլեկտրիկի հաստիք կա, քանի որ լուսավորություն է ապահովում»,- ասաց Գիլոյանը:
Նա հորդորեց այս կամ այն համայնքի ղեկավարի վատ աշխատանքի արդյունքը չկապել բարեփոխման հետ:
Իսկ «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանը խոսեց խնայված միջոցների մասին և շեշտեց, որ ՏԻՄ համակարգից որևէ լումա դուրս չի եկել, հակառակը՝ տարեցտարի ավելանում են ֆինանսական համահարթեցման ռոտացիաները:
«Բայց կա մի գաղափար, որը նմանվում է խնայելուն: Ընդհանրապես, տեղական բյուջեները 2 ծախս ունեն՝ ընթացիկ և կապիտալ: Ընթացիկն ապրելունն է, ընթացիկ ծառայությունների համար, իսկ մյուսը՝ կապիտալ արժեքներ ստեղծելու՝ նոր ճանապարհ, մանկապարտեզ և այլն: Խնայումը հետևյալ ֆոնին է՝ ընթացիկ ծախսերը սկսում են տնտեսվել ու ներդրում է լինում կապիտալ ծախսի վրա: Սակայն խոշորացման ծրագրի ընդդիմախոսներն այլ բան են ասում, թե՝ տեսեք, փող չկա ու տնտեսում ենք, որ քիչ փողով ապրեն: Ամենևին խնդիրը սրա մեջ չէ»,- ասաց Մովսիսյանը:
Բանախոսները չհամաձայնեցին այն տեսակետի հետ, թե համայնքների խոշորացումը կարող է արտագաղթի տեմպերը մեծացնել: Նրանք հարցադրում արեցին, թե երբ գյուղն իր համայնքն ուներ՝ արտագաղթ չկա՞ր: Աշոտ Գուլոյանը հորդորեց մինչ խոշորացումը և խոշորացումից հետո բնակչության թիվը հաշվել, քանի որ նա գիտի, որ ամսվա ընթացքում նույնիսկ մեկ բնակիչ չի արտագաղթել: Վերջինս շեշտեց, թե ինքը եղել է խոշորացված համայնքների ոչ կենտրոններում և բնակիչների հետ խոսելուց հասկացել է, որ դեռևս դժգոհություններ չկան, ավելին՝ անանցանելի ճանապարհների վերանորոգում է ընթանում որոշ տեղերում:
Իսկ Վահան Մովսիսյանն էլ նկատեց, որ հայաստանյան մի շարք գյուղերում կուտակված խնդիրներ կան, որոնք մեկ ամսում կամ մեկ տարում չեն լուծվի:
«Վարչատարածքային բարեփոխումները բոլոր հիվանդությունների դեմ դեղ չեն, չի կարելի մտածել, որ համայնքների խոշորացումից հետո միանգամից կյանքը փոխվեց: Բնակչի կյանքը մեծապես կախված է գյուղատնտեսությունից , արդյունաբերությունից, երկրի արտաքին քաղաքականությունից, երկրի համաչափ զարգացումից և այլն: Եթե կա մի գործիք, որ 1 ամսում կկարողանա ՀՀ գյուղերի վիճակը բարելավել, ապա ասեք մենք էլ անենք»,- շարունակեց Մովսիսյանը:
Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցն էլ, համաձայնելով գործընկների հետ, վստահեցրեց, որ համայնքների խոշորացման ծրագրից պետք չէ այդքան վախենալ.«Խոշորացումը սարքել եք «բոբո», բոլորը վախենում են, ինչի՞ց եք վախենում»,- եզրափակեց Շադունցը:










