Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ակտիվ մասնակցել Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին և ձայն տալ Հայ դատի բարեկամներին

14:45 • 16.06.17

Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ակտիվ մասնակցել երկրի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին և ձայն տալ Հայ դատի բարեկամներին։ Այդ մասին ասված է հանձնախմբի հաղորդագրությունում: 


«Առաջին փուլից առաջ մենք մեր զորակցությունն էինք հայտնել այն թեկնածուներին, որոնք եղել են և միշտ շարունակելու են լինել մեր կողքին: Նրանցից ոմանք, չնայած Ազգային ժողովում իրենց նշանակալի աշխատանքին, չանցան երկրորդ փուլ: Ցանկանում ենք ողջունել նրանց ջանքերը և խորին շնորհակալություն հայտնել: Վերահաստատում ենք մեր զորակցությունը երկրորդ փուլ անցած թեկնածուներին, և կոչ ենք անում համախմբվել՝ ապահովելու համար նրանց վերընտրությունը»,- ասված է հաղորդագրությունում:


Հանձնախումբը դիմել է բոլոր նրանց, ովքեր չեն մասնակցել առաջին փուլի քվեարկությանը, ինչպես նաև նրանց, ովքեր այլ նախընտրություններ են ունեցել՝ կոչ անելով համախմբել, որպեսզի «Հայ դատն ունենա առավելագույն թվով բարեկամներ Ազգային ժողովում»:


Այսպես, Հայ դատի հանձնախումբն իր զորակցությունն է հայտնել հանրապետականներից Վալերի Բուայեին, Մարին Բրենյեին, Գի Թեսիեին, Սոցիալիստական կուսակցությունից Լյուկ Կարվունասին, Ֆրանսուա Փուփոնիին, Նաժատ Վալո-Բելքասեմին, «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից Ֆրանսուազ Դյումային, Նաթիա Եսայանին, Գիյոմ Գասպարյանին, Ֆրանսուա Միշել Լամբերին, Դեմոկրատների և անկախների միությունից Ֆրանսուա Ռոշբլուանին: Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Ռոնի 13-րդ ընտրատարածքի ընտրողներին իրենց ձայնը տալ «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից Դանիել Ղազարյանին:


Հայ դատի հանձնախումբը նաև իր գոհունակությունն է հայտնել այն առնչությամբ, որ Թուրքիայի աջակցությամբ ստեղծված կուսակցությունը՝ «Հավասարություն և արդարությունը», չկարողացավ հաղթահարել 1 տոկոսի սահմանը, ինչի հետևանքով զրկվելու է պետական օժանդակությունից:


«Սիրելի՛ բարեկամներ, սիրելի՛ հայրենակիցներ, երեսուն տարի առաջ ՝ 1987 թվականի հունիսի 18-ին, Եվրոպական խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և Թուրքիային կոչ է արել քաղաքական լուծում գտնել: Այդ խորհրդանշական օրը՝ հունիսի 18-ին, պետք է տեղի ունենա զանգվածային քվեարկություն՝ Հայ դատի բարեկամների օգտին: Վստահում ենք ձեր համախմբմանը: Պետք է համոզել ձեռնպահ մնացածներին քվեարկել այն թեկնածուների օգտին, որոնք ապագա Ազգային ժողովում հանդիսանալու են մեր հիմնական զորակիցները»,- ասված է հաղորդագրությունում:


Ավելի վաղ հաղորդվել է, որ հունիսի 11-ին, Ֆրանսիայում տեղի է ունեցել խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը: Ազգային ժողովում 577 տեղի համար իրենց թեկնածությունն էր առաջադրել 7.882 թեկնածու: 4 հայ թեկնածու հավաքել է անհրաժեշտ քանակությամբ ձայն երկրորդ փուլում մրցապայքարը շարունակելու համար։ Ֆրանսիայի ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է հունիսի 18-ին: