ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել Ադրբեջանի ղեկավարությանը խուսափել հետագա լարվածությունից
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել Ադրբեջանի ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում խուսափել հետագա լարվածությունից: Այդ մասին ասված է տարածաշրջան այցի արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունում:
Հայտարարությունում նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի հետ միասին հունիսին այցելել են տարածաշրջան: Ինչպես նշված է հայտարարությունում, համանախագահների այցի գլխավոր նպատակը ապրիլի 28-ին Մոսկվայում արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում հետագա քայլերի ուղղությամբ կողմերի դիրքորոշումը և, ընդհանուր առմամբ, հակամարտության գոտում իրավիճակը քննարկելն էր:
Ինչպես նշվում է հայտարարությունում, Բաքվում ունեցած բանակցությունների ընթացքում համանախագահներն իրենց խորը մտահոգությունն են հայտնել Ադրբեջան իրենց այցի նախօրեին հրադադարի վերջին խախտումների և դրանց հետևանքով շփման գծում գրանցված զոհերի վերաբերյալ:
«Բաքվում ունեցած բանակցությունների ընթացքում համանախագահներն իրենց խորը մտահոգությունն են հայտնել Ադրբեջան իրենց այցի նախօրեին հրադադարի վերջին խախտումների վերաբերյալ, որոնք շփման գծում զոհերի պատճառ են դարձել: Նրանք կոչ են արել Ադրբեջանի ղեկավարությանը խուսափել հետագա լարվածությունից»,- ասված է հայտարարությունում:
Համանախագահները նշել են, որ նույն ուղերձն են հղում նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանություններին: Նրանք խրախուսել են կողմերին միջոցներ ձեռնարկել, որոնք կնվազեցնեն լարվածությունը շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգային սահմանին:
Հայտարարությունում նշվում է, որ երկու մայրաքաղաքներում համանախագահները կոչ են արել կողմերին «բարեխղճորեն և քաղաքական կամք ցուցաբերելով վերաներգրավվել բանակցություններին»: Նրանք ընդգծել են, որ սա «միակ ճանապարհն է, որով կարելի է տևական խաղաղություն բերել տարածաշրջանի ժողովուրդներին, որոնք ակնկալում են և որոնք արժանի են հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի»:
«Նախագահներն իրենց մտադրությունն են արտահայտել վերսկսել քաղաքական երկխոսությունը՝ փորձելով փոխզիջումային լուծում գտնել կարգավորման ամենավիճահարույց հարցերի համար»,- ասված է հայտարարության տեքստում:
Ինչպես նշված է հայտարարությունում, համանախագահները հուլիսի 3-ին կայցելեն Վիեննա՝ Մինսկի խմբի անդամներին տեղեկություններ փոխանցելու համար: Նրանք նաև ծրագրում են շուտով կրկին հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ քննարկելու առաջիկա աշխատանքի ձևաչափերը:










