Սահմանային լարվածությունը չի ազդել Արցախում զբոսաշրջային չվերթների վրա. Արցախի երկնքում թռիչքներ իրականացնող օդաչու

15:44 • 20.06.17

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը «Յելլ Էքստրիմ պարկ»-ի հետ այժմ ծրագիր է մշակում 4-6 տեղանոց ինքնաթիռ ձեռքբերելու համար, որպեսզի ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ հնարավորություն ունենան վայելել Արցախի գեղեցկությունը երկնքից:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ավիացիայի բաժնի պետ Սամվել Թավադյանը, ով նաև Արցախի երկնքում թռիչքներ իրականացնող երկտեղանոց ինքնաթիռի օդաչուն է: 

«Եթե ստացվեց, շատ լավ կլինի, կնպաստի Արցախում զբոսաշրջության զարգացմանը, զբոսաշրջային չվերթով շատ հետաքրքրվողներ կան։ Միայն շաբաթ օրը «Արցախ էյր ֆեսթ» -ի ժամանակ 20 զբոսաշրջիկ օգտվել է չվերթից»,-մանրամասնեց Սամվել Թավադյանը:

Օդաչուն ընդգծեց, որ ընդհանուր առմամբ մայիսի կեսերից գործող չվերթից օգտվել է ավելի քան 60 զբոսաշրջիկ:

«Կարելի է ասել՝ ամեն օր չվերթներ կան, երեկ էլ է եղել, հերթագրվողների թիվը մեծ է, ՌԴ-ից ևս շատ հետաքրքրվողներ կան, ամեն օր զանգեր եմ ստանում»,-մանրամասնեց նա:

Սամվել Թավադյանը նաև ընդգծեց, որ սահմանային վերջին լարվածությունը չի ազդել զբոսաշրջիկների հոսքի վրա:

«Երկինք բարձրանալիս վստահ են, որ իրենց անվտանգությունն ապահովված է, համապատասխան բոլոր կանոնները պահպանում ենք»,-վստահեցրեց օդաչուն:

Հիշեցնենք, որ ԱՀ էկոնոմիկայի նախարարության և «Յելլ Էքստրիմ պարկ» ընկերության նախաձեռնությամբ զբոսաշրջային չվերթները մեկնարկել են մայիսի կեսերին՝ Ստեփանակերտ-Շուշի և հետադարձ ուղղությամբ։  

Սահմանային լարվածությունը չի ազդել Արցախում զբոսաշրջային չվերթների վրա. Արցախի երկնքում թռիչքներ իրականացնող օդաչու