Անկարայում բողոքի ակցիա է տեղի ունեցել իշխանությունների դեմ, կան ձերբակալվածներ

17:27 • 27.06.17

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում այսօր տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ընդդեմ երկրում արտակարգ դրության ընթացքում իրականացվող զանգվածային կադրային զտումների։ Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը։

Նշենք, որ անցյալ տարի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում սահմանված արտակարգ դրության պայմաններում Նախարարների խորհրդի որոշմամբ իրականացվում են լայնամասշտաբ կադրային զտումներ երկրի բոլոր ոլորտներում։

Իրենց աշխատանքը հետ պահանջող բազմաթիվ արդեն նախկին պետական աշխատողներ փորձել են բողոքի ակցիա իրականացնել Անկարայի Յուքսել պողոտայում, սակայն հանդիպել են ոստիկանության միջամտությանը։

Անկարայի քաղաքապետարանն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որով արգելել էր բողոքի ակցիայի իրականացումը։

Ոստիկանության հետ բախումների հետևանքով ձերբակալվել է 4 ակտիվիստ։