Հյուսիսկորեական հրթիռն անցել է ավելի քան 900 կմ. ԱՄՆ-ի և Հրվ. Կորեայի նախագահների արձագանքը
Հյուսիսային Կորեայի կողմից հերթական բալիստիկ հրթիռի արձակումից հետո Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Չինաստանին Փհենյանի հարցում «կոշտ քայլի» դիմել։ Այս մասին 71-ամյա ղեկավարը գրել է իր թվիթերյան էջում:
«Հյուսիսային Կորեան հենց նոր արձակել է ևս մի հրթիռ: Այդ տղան (Կիմ Չեն Ընը-Tert.am) իր կյանքում կարո՞ղ է ինչ-որ ավելի լավ բան անել: Դժվար է հավատալ, որ Հարավային Կորեան ու Ճապոնիան կշարունակեն այս ամենը հանդուրժել: Միգուցե, Չինաստանը կոշտ քայլի կդիմի Հյուսիսային Կորեայի նկատմամբ ու մեկընդմիշտ վերջ կտա այս հիմարությանը»,-գրել է Թրամփը:
Մինչդեռ gazeta.ru-ն մանրամասնում է, որ երեկ արձակված բալիստիկ հրթիռն անցել է ավելի քան 930 կմ ու ընկել Ճապոնական ծովը:
Հարավային Կորեայի բանակի ներկայացուցչի խոսքով՝ հրթիռն անցել է մի քանի հարյուր կիլոմետր, ինչը նշանակում է, որ արձակումը բարեհաջող է անցել:
Նա հավելել է, որ Սեուլն ու Վաշինգտոնը վերլուծում են իրավիճակը:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե-ինը հրթիռի արձակումից հետո կարգադրել է ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նիստի ընթացքում ստուգվելու է նոր սադրանքների դեպքում երկրի ռազմական պատրաստվածության աստիճանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վերջին հարցազրույցներից մեկում անդրադարձել է Հյուսիսային Կորեային՝ նշելով, որ ԱՄՆ-ն պատրաստ է միայնակ հակահարված տալ այդ երկրի միջուկային սպառնալիքներին, եթե Չինաստանը համապատասխան ճնշում չգործադրի Փհենյանի վրա:
«Եթե Չինաստանը չի պատրաստվում լուծել Հյուսիսային Կորեայի հարցը, ապա դա կանենք մենք: Սա միակ բանն է, որ կարող եմ ձեզ ասել»,-նշել է Թրամփը՝ հավելելով, որ Չինաստանը մեծ ազդեցություն ունի Փհենյանի վրա:
Թրամփի խոսքով՝ Չինաստանը պետք է վերջնական որոշում կայացնի Հյուսիսային Կորեայի հարցում ԱՄՆ-ին աջակցելու կամ չաջակցելու վերաբերյալ:
Նշենք, որ վերջին տարիներին Հյուսիսային Կորեան ակտիվորեն զարգացնում է իր միջուկային ծրագիրն ու պարբերաբար բալիստիկ հրթիռների արձակումներ իրականացնում՝ շարժելով Արևմուտքի զայրույթը:
Պաշտոնական Փհենյանը բազմիցս հայտարարել է, որ սադրանքի դեպքում պատրաստ է երկրի երեսից ջնջել ԱՄՆ-ն:










