Հս. Կորեան պաշտոնապես հայտարարել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առաջին հաջող փորձարկման մասին (տեսանյութ)

12:41 • 04.07.17

Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռուստատեսությունը հայտարարել է «Հվասոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առաջին հաջող փորձարկման մասին: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հավելելով, որ հրթիռն անցել է հետագծով, որը փորձագետների կարծիքով՝ կարող է թույլ տալ հարվածել ԱՄՆ Ալյասկա նահանգին:


Հայտարարությունում նշվում է, որ հրթիռի թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է 2.802 կիլոմետր: Հաղորդվում է նաև, որ 39 րոպեի ընթացքում այն անցել է 933 կիլոմետր:


Հրթիռի արձակման մասին հրամանը տվել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը: Նա նաև հետևել է փորձարկմանը:


Ինչպես հայտնել են Ճապոնիայի պաշտպանության նախարարությունից, հրթիռն ընկել է Ճապոնական ծովը՝ Ակիտա պրեֆեկտուրայում Օգա թերակղզուց 300 կիլոմետր հեռավորության վրա: Ճապոնիայի պաշտպանական գերատեսչությունը նաև հայտնել է, որ հրթիռի թռիչքի բարձրությունը գերազանցել է 2500 կիլոմետրը:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից հերթական բալիստիկ հրթիռի արձակումից հետո Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Չինաստանին Փհենյանի հարցում «կոշտ քայլի» դիմել։ 


«Հյուսիսային Կորեան հենց նոր արձակել է ևս մի հրթիռ: Այդ տղան (Կիմ Չեն Ընը-Tert.am) իր կյանքում կարո՞ղ է ինչ-որ ավելի լավ բան անել: Դժվար է հավատալ, որ Հարավային Կորեան ու Ճապոնիան կշարունակեն այս ամենը հանդուրժել: Միգուցե, Չինաստանը կոշտ քայլի կդիմի Հյուսիսային Կորեայի նկատմամբ ու մեկընդմիշտ վերջ կտա այս հիմարությանը»,-գրել է Թրամփը:


Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե-ինը հրթիռի արձակումից հետո կարգադրել է  ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել:


Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նիստի ընթացքում ստուգվելու է նոր սադրանքների դեպքում երկրի ռազմական պատրաստվածության աստիճանը:


Նշենք, որ վերջին տարիներին Հյուսիսային Կորեան ակտիվորեն զարգացնում է իր միջուկային ծրագիրն ու պարբերաբար բալիստիկ հրթիռների արձակումներ իրականացնում՝ շարժելով Արևմուտքի զայրույթը:


Պաշտոնական Փհենյանը բազմիցս հայտարարել է, որ սադրանքի դեպքում պատրաստ է երկրի երեսից ջնջել ԱՄՆ-ն:

 

 .