ԱՄՆ-ն պատրաստ է ռազմական ուժ կիրառել Հս. Կորեային ճնշելու համար. ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

09:26 • 06.07.17

Վաշինգտոնը պատրաստ է գործի դնել բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում՝ նաև ռազմական ուժը, Հյուսիսային Կորեայի վարքը փոխելու համար, հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին:

«Միացյալ Նահանգները պատրաստ է գործի դնել իրեն ու իր դաշնակիցներին պաշտպանելու համար հնարավորությունների բոլոր տարբերակները: Մեր հնարավորություններից մեկը զինված ուժերն են: Հարկ եղած դեպքում մենք դրանք ևս գործի կդնենք, բայց կնախընտրեինք այլ ուղղությամբ շարժվել»,-ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարել է Հեյլին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, հուլիսի 3-ին Հյուսիսային Կորեայի կողմից արձակված բալիստիկ հրթիռն անցել է ավելի քան 930 կմ ու ընկել Ճապոնական ծովը:


Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռուստատեսությունը հայտարարել է «Հվասոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առաջին հաջող փորձարկման մասին: Հայտարարությունում նշվում է, որ 39 րոպեի ընթացքում այն անցել է 933 կիլոմետր:

Հրթիռի արձակման մասին հրամանը տվել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը: Նա նաև հետևել է փորձարկմանը:

Ինչպես հայտնել են Ճապոնիայի պաշտպանության նախարարությունից, հրթիռն ընկել է Ճապոնական ծովը՝ Ակիտա պրեֆեկտուրայում Օգա թերակղզուց 300 կիլոմետր հեռավորության վրա: Ճապոնիայի պաշտպանական գերատեսչությունը նաև հայտնել է, որ հրթիռի թռիչքի բարձրությունը գերազանցել է 2500 կիլոմետրը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից հերթական բալիստիկ հրթիռի արձակումից հետո Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Չինաստանին Փհենյանի հարցում «կոշտ քայլի» դիմել։ 

Նշենք, որ վերջին տարիներին Հյուսիսային Կորեան ակտիվորեն զարգացնում է իր միջուկային ծրագիրն ու պարբերաբար բալիստիկ հրթիռների արձակումներ իրականացնում՝ շարժելով Արևմուտքի զայրույթը:

Պաշտոնական Փհենյանը բազմիցս հայտարարել է, որ սադրանքի դեպքում պատրաստ է երկրի երեսից ջնջել ԱՄՆ-ն: