Կինն Աստծո գառ էր. հարևանները՝ Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մասին (տեսանյութ)

19:23 • 28.07.17

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությունից հետո ամբողջ Սարդարապատ գյուղը շոկի մեջ է:

Սիմոնյանի հարևանները Tert.am-ի հետ զրույցում ասացին, որ չէին պատկերացնում, թե ինչպես կարող է կինը ամուսնուն կացնահարել: Ըստ նրանց՝ և՛ կինը, և՛ ամուսինը շատ ջերմ, շնորհքով մարդիկ էին:

«Կինը համեստ, սուսիկ-փուսիկ էր, Աստծո գառ էր: Մենք վատ բան չենք տեսել, հարևանասեր մարդիկ էին»,- նշեց հարևաններից մեկը:

Հարևանները որդու կողմից էլ ոչ մի վատ բան չեն նկատել, մշտապես համակարգչային հարցերով օգնել է բոլորին:

Մինչ դեպքը հարևանները ոչ մի խնդիր չեն նկատել Սիմոնյանների ընտանիքում:

«Թե ինչ պատահեց, չհասկացանք: Իրենք այնպիսի զուսպ մարդիկ էին, որ իրենց գաղտնիքը դրսի մարդը չէր իմանա»,- ասաց մեկ այլ հարևան:

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին, Արմավիր-Դալարիկ ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում՝ ձորում, հայտնաբերվել էր քաղաքացու դի: Պարզվել էր, որ հայտնաբերվածը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի 52-ամյա խորհրդական Մանուկ Սիմոնյանն է, որը հուլիսի 23-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած: Վերջինիս սպանության գործով ձերբակալվել են նրա որդին և կինը:

ՀՀ Ոստիկանությունը այսօր հաղորդագրություն էր տարածել՝ ներկայացնելով դեպքի մանրամասները: Ըստ դրա՝ Արմավիրի մարզպետի խորհրդականին սպանել է նրա կինը՝ կացինով բազմաթիվ հարվածներ հասցնելով. «Հուլիսի 22-ին Մանուկ Սիմոնյանի տանը 1970 թ. ծնված Ռ. Մ.-ն կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և սպանել, այնուհետև սավանով փաթաթել, կապել և 1994 թ. ծնված Ն. Ս.-ի հետ հուլիսի լույս 23-ի գիշերը, ժամը 4.00-ի սահմաններում, հանգուցյալին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով դիակը տեղափոխել են նշված վայր և թողնելով այնտեղ՝ հեռացել են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Կինն Աստծո գառ էր. հարևանները՝ Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մասին (տեսանյութ)