Սևանա լճում ձկների պաշարների վերականգնման դրական միտում է նկատվում. Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն

13:43 • 03.08.17

 

Սևանա լճում արդյունագործական ձկների պաշարների վերականգնման դրական միտում  է նկատվում. այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Էվելինա Ղուկասյանը:       

Ըստ Ղուկասյանի՝ այսօր ձկնաբուծության զարգացման ծրագիրը նպաստում է ձկների պաշարների համալրմանը, մասնավորապես, իշխանի առանձնյակներով: 

«Թեպետ լճում առկա են մեծաքանակ սեռահասուն առանձնյակներ, մի փոքր խնդիր է իշխանի զարգացումը գետերում, բնական ձվադրություն ապահովելը»,-ասաց նա և նշեց, որ հիմնական պատճառը ՀԷԿ-ն է:

«Ձվադրավայրերը գտնվում են բավականին անմխիթար  վիճակում, նրանց վրա գտնվող  բոլոր հիդրոտեխնիկական կառույցները արգելք են հադիսանում ձկների բնական վերարտադրության համար, և այնուամենայնիվ, Սևանա լճի ջրահավաք ավազանում բաց թողնված մարձուկը, կարծես, վերադառնում է լիճ»,-ասաց նա:  

Ներկայացնելով մյուս ձկնատեսակների վիճակը՝ Ղուկասյանն ասաց, որ սիգի պաշարները մի փոքր ավելացել են: «Ընդհանուր արդյունագործական  չափի ձկների քանակը 450 տոննայի է հավասարվել, որից 1-ից 1,5 տոննան Սևանի իշխանն է, մոտ 100 տ. արծաթափայլ ծածանն է, մնացածը սիգն է: Քուռի կողակի պաշարները լճում  անչափ քիչ են և ընդգծված են կարմիր գրքում, այսինքն՝ պահպանության  կարիք ունեն և հանդիպում են եզակի առանձնյակներ»,-ասաց նա:

Սևանում խեցգետինը, ըստ գիտնականի, հայտնվել էր 80-ականներին , ինչը լճի համար դրական շնորհ էր, քանի որ սնվում է կուտակված օրգանական տիղմով:

«Առաջ այդ ֆունկցիան կողակն էր անում, որը նպաստում էր լճի մաքրմանը, հիմա արդեն խեցգետինն է անում: Բայց խեցգետնի որսը թույլատրելիից ավելի էր խրախուսվում, և արդյունքում խեցգետնի պաշարներն էլ կրճատվեցին : Նախարարության կողմից որոշվեց ձվադրման շրջանում արգելք հայտարարել»,- ասաց գիտնականը: