ՁՊՎ-ից փախած կալանավորը 2008-ի մարտի 1-ին խոշոր չափի գողություն է արել, մասնակցել է Խորենացու անկարգություններին, նախկինում դատված է 

22:15 • 03.08.17

Ձերբակալվածների պահման վայրից փախուստի դիմած կալանավոր Ահարոն Անտոնյանը նախկինում դատապարտված է եղել 2008 թվականի մարտի 1-ին անկարգությունների ժամանակ առիթից օգտվելու և քրեորեն պատժելի արարքներ կատարելու համար:

Tert.am-ի տեղեկություններով՝  Ահարոն Անտոնյանը մարտի 1-ին խոշոր չափի գողություն է կատարել բրենդային խանութներից,այդ թվում նաև «Ռոբերտո» խանութից:  2016 թվականի հուլիսի 20-ին էլ մասնակցել է Խորենացի փողոցում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին, քարեր է նետել տեղում ծառայություն իրականացնողների ուղղությամբ ու տևական ժամանակ գտնվել է այդ վայրում: Այժմ նա մեղադրվում է խոշոր չափի գողություն կատարելու մեջ, ինչի համար նախկինում մեկ անգամ դատապարտվել է:

Tert.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Ահարոն Անտոնյանը անմիջական մասնակցություն ունենալով 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին, օգտվելով տիրող համընդհանուր անվերահսկելի իրավիճակից, շահադիտական եղանակով` գողոնը հավասարապես բաժանելու առաջարկությամբ, հանցանքի կատարմանը ներգրավել է անչափահաս Աղվան Գրիգորյանին:

Վերջինիս հետ նախնական համաձայնությամբ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում առանց հափշտակելու նպատակի ապօրինի տիրացել են Ռուբեն Վարդանյանի «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենային, որը վարել են Հալաբյան փողոց: Ավտոմեքենան կանգնեցնելով կողմնակի անձանց տեսադաշտից դուրս` նշված փողոցի թիվ 39 շենքի մոտ` գաղտնի հափշտակել են ավտոմեքենայի զգալի չափերի 119 հզր. դրամ ընդհանուր արժողության ավտոպահեստամասերը:

Նրան մեղադրանք է առաջադրված եղել ՀՀ ՔՕ-ի 165-րդ հոդվածի 1-ին մասով՝ անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելը, 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ավտոմեքենային ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի, ինչպես նաև 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերով գողություն կատարելը:

Ահարոն Անտոնյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 տարի ժամկետով` պատժի կրման սկիզբը հաշվելով 2008 թվականի մարտի 6-ից:

ՀՀ քննչական կոմիտեից Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ Ահարոն Անտոնյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 177-րդ հոդվածի 2-րդ մասով արարք կատարելու մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի ՁՊՎ-ից կալանավորը փախուստի էր դիմել, ինչի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի ձերբակալվածներին պահելու վայրից /ՁՊՎ/ կալանավորի փախուստի դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա: ՁՊՎ-ում հսկող ոստիկանին մեղադրանք է առաջադրվել:

Ահարոն Անտոնյանի  նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Ոստիկանության ծառայողները օգոստոսի 2-ին Երևանի Օղակաձև զբոսայգում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման էին ենթարկել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի կողմից հետախուզվող, 1987 թվականին ծնված Ահարոն Անտոնյանին:

Քննությունը շարունակվում է: