Ադրբեջանը փորձում է այնպիսի կորուստներ պատճառել, որոնք հանդիպումների ժամանակ իրեն դիրքային առավելություն կտան. Ստյոպա Սաֆարյան

09:25 • 07.08.17

ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջին հերթին փորձում է ինքն իրեն պահպանել, քանի որ քաջ գիտակցում է, որ իր դիրքերը բավականին թուլացել են: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումների պլանավորման փորձին:

Նրա գնահատմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարողություններն ու հնարավորությունները փոքրացել են հակամարտության մենեջմենթ իրականացնելու առումով:

«Չեմ կարծում, թե այնքան լավատես են, որ մտածեն հակամարտության լուծումներ գտնելու մասին, քանի որ արդեն իսկ խնդիր ունեն հակամարտության գոտին կառավարելու հետ կապված: Այս առումով բանակցություններն օգտագործվում են իրավիճակը ժամանակավորապես լիցքաթափելու համար: Հանդիպումները նաև Մինսկի խմբի ձևաչափի պահպանում են ենթադրում, որը ոչնչացնելու հարցում շահագրգռված են Ադրբեջանը, ոչ պակաս չափով ՌԴ-ն ու Թուրքիան: Հետևաբար, այս հանդիպումները շատ քիչ կապ ունեն իրավիճակի կառավարման հետ»,- ասաց նա:

Սաֆարյանը շեշտեց, թե անկախ ամեն ինչից, չի կարելի թերագնահատել հանդիպումների նշանակությունը: Նա նկատել է, որ ստեղծված իրավիճակում, այդ հանդիպումները դառնում են ռազմական ռիսկերը մեծացնող գործոն: «Ամեն մի նման հանդիպումից առաջ Ադրբեջանը շփման գծում մեծացնում է լարվածությունը՝ դիմելով արկածախնդրության, հետևաբար, գոնե ռազմական ռիսկերի կառավարման առումով ՀՀ-ն պետք է սթափ լինի: ՀՀ-ն պետք է հասկանա, որ Ադրբեջանը փորձում է այնպիսի կորուստներ պատճառել, որը հերթական հանդիպման ժամանակ իրեն կտա դիրքային առավելություն»,- շարունակեց Սաֆարյանը:

Միաժամանակ, նա նկատեց, որ այս պահին անհրաժեշտ է Մինսկի խմբի առկայությունը, քանի որ հայկական կողմը չի կարող լցնել դրա վակուումը: Նրա դիտարկմամբ՝ Մինսկի խմբի փոխարեն կարող են այլ՝ ոչ շահեկան ձևաչափեր հայտնվել, հետևաբար, հայկական կողմն այլ տարբերակ չունի, քան համաձայնելը, որ քննարկումներ լինեն: Սակայն քաղաքական վերլուծաբանը պնդեց՝ հայկական կողմը չպետք է մոռանա ապրիլյան պատերազմից հետո դրված իր երկու պահանջները:

«Առաջինը՝ բանակցությունների շարունակման համար անվտանգության և խաղաղության միջազգային երաշխիքներ ստեղծելը, երկրորդը՝ Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացներին: Այս երկու պահանջներից պաշտոնական Երևանը չպետք է հրաժարվի: Պաշտոնական Երևանն այս խնդիրը մի քանի անգամ բարձրացրել է, թեպետ  չեմ կարծում, թե բոլոր ջանքերը գործադրեց ու ճիշտ իրականցրեց: Այնուամենայնիվ, Ստեփանակերտը պարբերաբար հասկացնում է, որ առանց իր մասնակցության դրանք բանակցություններ չեն կարող լինել, լուծումներ էլ չեն կարող որոնվել: Չեմ կարծում, որ ներկա իրավիճակում այս խնդիրը լուծելու համար Երևանը հստակ ստրատեգիա ունի, որն իրատեսական է ու ունի քայլերի հաջորդականություն»,- եզրափակեց Ստյոպա Սաֆարյանը:

 

 

ՀեղինակԱնի Օհանյան