Վրաստանը հարցում է ուղարկել Լեհաստանին՝ Սաակաշվիլիի գտնվելու վայրի մասին տեղեկություն ստանալու համար

17:27 • 07.08.17

Վրաստանը հարցում է ուղարկել Լեհաստանին՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գտնվելու վայրի մասին տեղեկություն ստանալու համար, այս մասին հայտնում է PAP-ը:

Վարշավայի շրջանային դատախազության մամուլի քարտուղար Լուկաշ Լապչինսկիի խոսքով՝ ոստիկանությանն ու սահմանապահ ծառայություններին արդեն հանձնարարված է ճշտել՝ արդյոք Սաակաշվիլին շարունակում է մնալ Լեհաստանի տարածքում, թե ոչ:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ցույց է տվել ուկրաինական քաղաքացիության անձնագիրը, որով մուտք է գործել Լեհաստան:

Սաակաշվիլին Վարշավայում լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ չի փորձելու անօրինական ճանապարհով վերադառնալ Ուկրաինա: Նա նշել է, որ ուսումնասիրում է օրենսդրությունը և կմեկնի Ուկրաինա, երբ պատրաստ կլինի: Նա նաև նշել է, որ Լեհաստանից պատրաստվում է մեկնել երկուշաբթի: Ընդ որում՝ նա չի նշել, թե ուր է ուղևորվելու, սակայն ասել է, որ ճանապարհորդելու է Եվրոպայով:


Հաղորդվում է, որ Վրաստանի գլխավոր դատախազ Նաթիյա Սոնգուլաշվիլին «Обозреватель» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Սաակաշվիլիին սպառնում է չորս քրեական գործով 11 տարվա ազատազրկում:


Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի է դարձել Սաակաշվիլիի՝ ուկրաինական քաղաքացիությունից զրկվելու մասին։

Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, թե բնավ չի վախենում Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվելուց։

Սաակաշվիլին լքել է Վրաստանը 2013թ.-ին՝ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի պաշտոնավարման մեկնարկից հետո։

2015թ.-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նրան Ուկրաինայի քաղաքացիություն է շնորհել և նշանակել Օդեսայի նահանգապետ։

2016թ.-ին Սաակաշվիլին հեռացել է այդ պաշտոնից՝ հայտարարելով, որ Ուկրաինայի իշխանությունները չեն ցանկանում պայքարել կոռուպցիայի դեմ։