Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել
Ադրբեջանի մի շարք դպրոցներում աշակերտներն ու ծնողները բողոքի ակցիաներ են անցկացրել՝ պահանջելով թույլատրել հիջաբ կրող աղջիկներին մասնակցել դասերին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով JAMnews-ը, հոկտեմբերի 12-ին երկրի ներքին գործերի նախարարությունը հայտնել է դպրոցական համազգեստի պահանջների կիրառման շուրջ միջադեպերի առնչությամբ 37 անձի ձերբակալության մասին։
Բաքվի և Մասալլիի շրջանի որոշ դպրոցներում աշակերտները հրաժարվել են դասերին մասնակցելուց՝ ի աջակցություն հիջաբ կրող համադասարանցիների։ Բաքվի Բալախանի բնակավայրի թիվ 69 դպրոցի մոտ ցուցարարները պարզել են «Հիջաբը կրթության խոչընդոտ չէ» գրությամբ պաստառ։
Բողոքի պատճառ են դարձել կառավարության՝ սեպտեմբերի 21-ին ընդունած դպրոցական հագուստի նոր պահանջները։ Որոշումն արգելում է համազգեստի միասնականությունը խախտող կամ կրթության աշխարհիկության սկզբունքին չհամապատասխանող հագուստի տարրերը։ Փաստաթղթում հիջաբն ուղղակիորեն չի հիշատակվում։
Meydan TV-ի հաղորդմամբ՝ ծնողներն ու աշակերտուհիները հայտնել են, որ դպրոցների ղեկավարությունը պահանջում է հանել հիջաբը։ Հոկտեմբերի 6-ին հաստատվել են նաև ուսուցիչների հագուստի առանձին պահանջներ՝ գործնական ոճի և կրթության աշխարհիկ բնույթի պահպանման վերաբերյալ։
Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ ձերբակալվածները Բաքվում կոնֆլիկտներ են ստեղծել կրթական աշխատողների հետ, վնասել ուսումնական հաստատությունները և փորձել խոչընդոտել դրանց աշխատանքը։ Հարուցվել է քրեական գործ՝ հասարակական կարգը խախտող գործողություններ կազմակերպելու կամ դրանց ակտիվ մասնակցելու հոդվածով։














