Ծառայությունից հրաժարվելու դեպքում սպաները տարեկան 250 000–ի փոխարեն 1 մլն կվճարեն. ՊՆ–ն նոր պայմանագրեր է պարտադրում ու հրաժարվողների ցուցակներ պահանջում
Tert.am-ի տեղեկություններով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտած սպաների պայմանագրերում փոփոխություններ են տեղի ունեցել: Նախկինում եթե Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտած սպան ՊՆ–ի հետ պայմանագիր էր կնքում 20 տարով ու դեռ ծառայության 10 տարին չլրացած հրաժարվում էր ծառայությունից, ստիպված էր լինում յուրաքանչյուր չծառայած տարվա համար որոշակի գումար վճարել: Այժմ տեղեկություններ կան, որ 2007թ. շրջանավարտ սպաներին ստիպում են նոր պայմանագիր ստորագրել՝ չեղյալ համարելով նախկին պայմանագրերը։ Ըստ նոր պայմանագրի՝ ծառայությունից հրաժարվելու դեպքում սպան ստիպված կլինի մի քանի անգամ ավելի գումար վճարել:
Ըստ նոր պայմանագրի՝ ռազմական համալսարանն ավարտած սպան մինչև 10-ը տարվա լրանալը ծառայությունից հրաժարվելու դեպքում յուրաքանչյուր տարվա համար 1 մլն դրամ է վճարելու, նախկինում այդ գումարը կազմում էր տարեկան 250 000 դրամ:
Բացի այդ, եթե ծառայության ընթացքում զինծառայողը մասնակցել է եռամսյա դասընթացների և դասընթացների ավարտից հետո դեռ չի անցել երեք տարի և սպան խզում է ՊՀ–ի հետ պայմանագիրը, ապա դասընթացների համար նախկին 750 հազար դրամի փոխարեն այժմ ստիպված է լինելու հավելյալ 1 մլն դրամ է վճարել:
Tert.am-ի տեղեկություններով՝ 2007 թվականին պայմանագիր կնքած այն զինծառայողները, ովքեր հրաժարվել են պայմանագիրը չլրացած նոր պայմանագիր կնքելուց, նախարարության ղեկավար կազմն անունների ցուցակներ է պահանջել:
Tert.am-ը Պաշտպանության նախարարություն գրավոր հարցում էր ուղարկել հետևյալ հարցերով՝ ծառայությունից հրաժարվելուց հետո որքան գումար է վճարելու զինծառայողը ըստ պայմանագրի, արդյոք փոփոխության ենթարկվե՞լ են պայմանագրերը և դրանում առկա կետերը՝ ծառայությունից հրաժարվելու վերաբերյալ և արդյոք 2007 թվականին և դրանից հետո կնքված պայմանագրերը չեղյալ են համարվում և կնքվում են նոր պայմանագրեր և ի՞նչ պատճառով:
Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ հարցման պատասխանը լրացուցիչ ժամանակ է պահանջում և պատասխան կտրվի 30 օրյա ժամկետում: Ժամկետի ավարտից հետո Tert.am-ը երկու անգամ նախարարությանը հայտնել է, որ հարցման պատասխանը չի ստացել, և կրկին խոստացել են պատասխանել:










