«Խոսրովի անտառ» պետական արգելոցը վերականգնելը երազանք է, հրդեհը բնապահպանական ողբերգություն էր. բնապահպան (տեսանյութ)

12:58 • 15.08.17

 

ՀՀ կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը զարմացած չէ, որ ՀՀ ԱԻՆ-ի չի կարողանում մարել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհը: Նա այսօր  լրագրողների հետ հանդիպմանը պատմեց, որ դեռևս 1991 թվականի վաղ գարնանն Իջևանի լեռնային անտառներում էր հրդեհ բռնկվել, իսկ հրշեջներն իրեն ասել էին, թե կրակը կմարեն, եթե Ասված անձրև բերի:

«Սա դեռ ինձ ասում էին 30 տարի առաջ և ոչինչ չի փոխվել: Նույն ապրիլյան պատերազմի սցենարն է, քանի որ պարզվեց, որ մենք համապատասխան տեխնիկա չունենք, ունեցածն էլ ժանգոտ է: Ինքնաթիռ կարող էին բերել հենց առաջին օրն՝ իմանալով տեղանքի բարդ լինելը, քանի որ գիտեին չէ՞, որ հնարավորություն չունեն տեխնիկա անցկացնելու տվյալ տարածք: Անցյալ օրը մասնագետներն ասում էին, որ 3000 հեկտար կայրվի, սա հնարավոր է, քանի որ, եթե մեկ օրվա ընթացքում կես հեկտար է այրվում, ապա 2-րդ օրը կարող է կրկնապատկվել»,- ասաց նա:

Բնապահպանի գնահատմամբ՝ ՀՀ-ում անտառն իր կառուցվածքով բզկտված է, հատուկ պահպանվող տարածքներն անջատված են անտառներից: Նրա խոսքով՝ ոլորտը քաոսային վիճակում է: Սանասարյանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ու Վայոց ձորի անտառում բռնկված հրդեհը բնապահպանական ողբերգություն է համարում, ավելին՝ սգո օրվա հետ է համեմատում: Այրված տարածքների վերականգնումը ևս, ըստ բնապահպանի, երազանք է:

«Սգո օր պիտի համարվի, քանի որ հանգույցները, որոնք այրվում  են, մեծ արժեք ունեն ազգային ու միջազգային առումով: Հանկարծ չմտածեք, թե հնարավոր է վերականգնել այրված անտառները, քանի որ սա եղել է հնագույն տարածք, որտեղ արքան որոշել է նաև մի հատվածում այլ՝ յուրահատուկ բուսականություն ստեղծել: Վերականգնման մասին հնարավոր չէ մտածել, այդ գոտում հարյուրավոր յուրահատուկ բուսատեսակներ կային, էնդեմիկ ծառեր: Հայկական գիհը շատերն են փորձել այլ տեղերում աճեցնել, չի ստացվել, տարբեր կերպ փորձել են, բայց դա շատ բարդ աշխատանք է: Կենդանական ու բուսական աշխարհի համակեցությունը վերականգնել հնարավոր չէ»,- ընդգծեց Հակոբ Սանասարյանը:

Վերջինս նկատեց, որ «Խոսրովի անտառ» արգելոցում տարբեր եթերային յուղեր ունեցող բուսականություն կար:  Ըստ նրա՝ բուսականության տեսակները պետք է հուշեին համապատասխան մարմիններին, որ հրդեհը մարելը հեշտ չի լինի և արագ գործել է պետք. «Պարզապես չեք պատկերացնում ողբերգության ծավալները, քանի որ հայկական բուսականության 70 տոկոսն այնտեղ էր, կարմիր գրքում հայտնված կենդանիների ու բույսերի տեսակներն այնտեղ էին»,- շարունակեց նա:

Հակոբ Սանասարյանը նշեց, որ հիմա էլ լինելու է հրդեհից փրկված կենդանիների միգրացիա:

Նա չբացառեց, որ կենդանիները կարող են հայտնվել բնակելի տարածքներում կամ այնպիսի տեղերում, որտեղ որսագողերի թիրախ կդառնան: Հակոբ Սանասարյանն այս պահին դժվարանում է ասել, թե վնասն ինչ ծավալների է՝ պատճառաբանելով, որ դեռևս ուսումնասիրություններ են հարկավոր, իսկ կենդանիների կորուստը պարզ կդառնա կենդանիների դիերի քանակի ի հայտ գալուց հետո:

ՀեղինակԱնի Օհանյան