Փարիզում կփակվի տիկնիկների թանգարանը

08:40 • 25.08.17

Փարիզի տիկնիկների թանգարանը 23 տարվա գոյությունից հետո կփակի իր դռները. մշտական ցուցադրության նմուշները, ինչպես նաև ընթացիկ ցուցահանդեսի 1980-ական թվականների տիկնիկները կարելի կլինի տեսնել մինչև սեպտեմբերի կեսը:

Le Figaro պարբերականի հաղորդմամբ՝ մասնավոր թանգարանի հավաքածուում կա մոտ 500 տիկնիկ, որոնք ցուցադրված են 40 ցուցափեղկում: Ցուցանմուշների մեծամասնությունը թվագրվում է 1800-1959 թվականներն ընկած ժամանակահատվածին և պահպանվում է օրիգինալ ինտերիերում, որը ստեղծվել է 1994 թվականին՝ թանգարանի բացման ժամանակ:

Աղբյուրը մանրամասնում է, որ կոլեկցիոներների ընտանիքի՝ հայր և որդի Օդենների մասնավոր թանգարանը, որը չի ստանում պետական աջակցություն կամ մասնավոր նվիրատվություններ, սկսել է ֆինանսական դժվարություններ ունենալ 2015 թվականի ահաբեկչական ակտերից հետո, երբ այցելուների հոսքը զգալիորեն նվազել է:

Ֆինանսական դժվարությունների, ինչպես նաև ընդհանուր նորմերին այլևս չհամապատասխանող տարածքը վերանորոգելու անհրաժեշտությանը բախվելով՝ թանգարանի ղեկավարությունը ստիպված է փակել այն, չնայած սա Փարիզի միակ նման հաստատությունն է: