ԹՐԻՓՓ-ի շրջանակում ավտոճանապարհի հետ կապված դեռևս կոնկրետությունը չկա. Մհեր Գրիգորյան
ԹՐԻՓՓ նախագծի դեպքում երկաթգծի հետ կապված օգտագործվելու է նույն տարածքը, որով երկաթգիծը անցել է խորհրդային ժամանակներում, երկարությունը կազմում է շուրջ 42 կմ, անցնում է Արաքսի հովտով, այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի հարցին՝ ի՞նչ կոնկրետ տարածք է ներառում ԹՐԻՓՓ նախագիծը, ՀՀ ինքնիշխան տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն է ներառում։
Գրիգորյանն ասել է, որ այդ հատվածում որևէ մասնավոր հող գոյություն չունի, որովհետև սահմանային շերտ ու սահմանային գոտիներով է անցնում։
«Երկաթգիծը լինելու է դասական, ռեգիոնալ նշանակության երկաթգիծ, լինելու է մեկ գծային»։
Ինչ վերաբերում է ավտոճանապարհին, նա նշել է, որ կոնկրետությունը դեռևս վերջնական չէ, ինչո՞ւ՝ որովհետև այդ ավտոճանապարհը պետք է ունենա ռեգիոնալ նշանակության պարամետրեր, չի կարող լինել ցանկացած տեխնիկական տեսքի, որովհետև մրցունակ չի լինի։
«Բարդությունն ինչո՞ւմն է կայանում. Նախիջևանի մասում միացման հատվածը շատ նեղ է զուտ աշխարհագրական տեսանկյունից։ Դա է պատճառը, որ տեխնիկական փորձաքննությունների կարիք կա, այդ թվում թունելների կամ ոչ թունելերի, աշխատանքները դեռևս ավարտված չեն, այդ իսկ պատճառով չեմ կարողանում կոնկրետ պատասխան տալ»,-նշել է փոխվարչապետը։
Մարիաննա Ղահրամանյանը նշել է, որ լայնության հետ կապված խուսափում են որևէ հստակություն մտցնել։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարծիքով, ընդդիմությունը հարցնում է որքա՞ն է ԹՐԻՓՓ-ի լայնությունը, քանի որ նրանց մոտ թյուրըմբռնում կա, որ ԹՐԻՓԸԸ-ը ոչ թե նախագիծ է, այլ տարածք, որը վարձակալությամբ տրվում է այլ պետության։
Մհեր Գրիգորյանն էլ պատասխանել է․ «ԹՐԻՓՓ-ը կոնցեսիոն իրավունքների մասին է։ Օդանավակայանի օրինակով բերեմ. կոնցեսիոն իրավունք է շնորհված, որը տարածքի հետ որևէ կապ չունի։ Իրավունք է, որը շահագործման կանոններ է սահմանում, շահագործման իրավունք է տալիս շատ որոշակի ժամկետով, ընդ որում՝ խզման հնարավորությամբ։
Այդ իմաստով լայնության վերաբերյալ հարցին պատասխանել ուղղակի անհնարին է, խոսում ենք 5-6 պոտենցիալ ենթակառուցվածքի կոնցեսիոն իրավունքի մասին, ապագայում՝ այդ թվում գազամուղի, նավթամուղի, այդ ենթակառուցվածքների լոկացիաները շատ տարբեր են լինելու»։














