Ձկնաբուծարանների պատճառով տարիներ շարունակ թույլատրելի նորմից 2 անգամ ավել ջուր օգատագործելով՝ անվերադարձ Արաքսն ենք լցրել 1.8 մլրդ խմ ջուր. բնապահպան
«Հայկական բնապահպանական ճակատի» անդամ Լևոն Գալստյանը Tert.am –ի հետ զրույցում անդրադառնում է Արարատյան դաշտում ամռանց այս շոգ սեզոնին սակավաջրության խնդրին:
-Խոսրովի անտառի վերջին հրդեհների ֆոնին , որը որակվեց բնապահպանական ողբերգություն, ամռան այս շոգ սեզոնին ու բերքահավաքի այս ժամանակահատվածում շարունակում է հրատապ մնալ մեկ այլ խնդիր. մարդիկ ահազանգում են, որ կամ սակավ է, կամ առհասարակ խմելու ու ոռոգման ջուր չունեն: 2013-ից սկսած ՝ Արարատյան դաշտում արտեզյան աղբյուրների ցամաքման դեմ պայքար է տարվում . նախ հաշվառվեցին ձկնարդյունաբերության ոլորտում գործող օրինական և ապօրինի խորքային հորերը, ապա դրանց մի մասը կոնսերվացվեց, մի մասին վրա փականներ դրվեցին: Ամեն դեպքում, ի՞նչ արդյունքներ կարող եք արձանագրել այսօրվա դրությամբ:
-Ինչ որ բաներ են անում, կոնսերվացնում, փականներ դնում, չգիտեմ ինչեր անում, վերահսկում են, ինչ-որ հաշվիչներ են դնում, ինչ-որ օնլայն համակարգեր են ներդնում: Բայց եկեք հասկանանք խնդիրը: Եթե մենք խոսում ենք բնական ջրային պաշարների մասին, այն էլ այնպիսի բարդ համակարգի մասին, ինչպիսին Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերի ավազանն է, որը մեր կարևորագույն պաշարներից մեկն է (Սևանից հետո քաղցրահամ ջրի 2-րդ կարևորագույն պաշարն է),ապա այն պետության և ժողովրդի կողմից պետք է ունենար առանձնահատուկ վերաբերմունք: Հիմա այս վերաբերմունքը չունենալու պատճառով, որոշակի մարդկանց ֆինանսական պահանջները և այլ մնացած հաճույքները բավարարելու համար որոշվել է, որ Արարատյան դաշտում պետք է հսկայական ծավալներով ձկնարդյունաբերություն զարգանա: Որը, եթե մենք ազնվորեն ենք նայում հարցին, թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական առումով ոչ մի դերակատարում չունի Հայաստանի համար: Նախ հիշեցնեմ, որ ձկնարդյունաբերությունը մտած է գյուղատնտեսական մթերքների արտադրության մեջ, լուրջ հարկատաեսակներով չի հարկվում և տնտեսության աճի առումով լուրջ դերակատարում չունի: Ոչ էլ սոցիալական առումով կարող է լուրջ դերակատարում ունենալ, որովհետև այդ աշխատատեղերը, որ ստեղծվում են, անհամամեմատելի են այն վնասների հետ, որ դրա արդյունքում հասցվում են համայնքներին՝ զրկելով նրանց այսօր ինքնահոս ջուր ունենալու հնարավորությունից: Նման համայնքները, որոնք զրկված են ինքնահոս ոռոգման ջուր ունենալու համակարգից, Արարատյան դաշտում շուրջ 30 են և սա արդյունք է անխնա, անհեռատես ու հանցագործ օգտագործման: Միայն մեկ թիվ ասեմ՝ Արարատյան դաշտի արտեզյան ավազանի շատրվանող հատվածը շուրջ 3 անգամ պակասեցրել ենք 3 տարվա արդյունքում: Սրանք այն պաշտոնական տվյալներն են, որոնք հրապարակվել են 2014-ին: Մենք ունեցել ենք 31 հազար հեկտար նման գոտի, այսինքն՝ հողից ջուրն ինքնաբուխ դուրս էր գալիս, և այս ձկնաբուծարաններից գործունեության արդյունքում 2013 թվականին այդ մակերեսը դարձել էր 10 հազար 500 հեկտար: Պատկերացրեք՝ սա ինչ էկոլոգիական աղետ է: Այսինքն՝ 6-15 մետրով ջրերի հորիզոնները իջել էին, պակասել էր նաև աղբյուրների ջրատվությունը: Ասեմ, որ միայն 2006 թվականի հոկտեմբերի դրությամբ գործում էր 2026 հորատանցքեր, որոնցից 940-ը` խորքային և 1089-ը` ինքնաշատրվանող: Ինքնաշատրվանող հորատանցքերից մոտ 180-ը վթարային էին կամ փականներ չունեին և դրանցից ջուրն անխնա դուրս էր հորդում:
Իսկ ինքնաշատրվանող հորատանցքերից, որոնցից 224-ը բացվել էին վերջին տարիներին ձկնարդյունաբերության նպատակով, 35-40%-ով նվազել է ոռոգման ու խմելու ջրի քանակը: Սա այն ջուրն է, որ 16 հարկանի շենքի մեջ ջրի ճնշումը կհասցնի մինչև վերջին հարկ: Ինչևէ պետությունը միայն ուշքի եկավ այն ժամանակ, երբ հասկացավ, որ կարող է վտանգվել նաև Մեծամորի ատոմակայանի հովացման համակարգը, որը նույնպես օգտագործում է այդ ջրերը: Եթե իրենք չզգային, որ այս խնդիրն է լինելու, ինձ թվում է՝ Արարատյան դաշտի ողջ ավազանը ցամաքեցնելու էին, նոր հասկային, որ ցամաքեցրել են:
-Հիմա քանի՞ տարում է հնարավոր վերականգնել, կամ արդյոք հնարավո՞ր է վերակնգնել:
-Տեսեք՝ ինչումն է խնդիրը: Այս միջոցառումներն իհարկե շատ լավ են, շատ հոյակապ, բայց նորից կրկնեմ՝ բնությանը հասցրած վնասը հաճախ անվերականգնելի է: Եվ այս դեպքում գործ ունենք այս դեպքի հետ: Ջուրը, որ մենք տարիներ շարունակ թույլատրելի քանակից 2 անգամ ավել ենք գործածել և այդ ջուրն ուղղակի լցրել ենք Արաքս գետը, նշանակում է, որ մենք տարեկան 1.8 միլիարդ խորանարդ մետր ջուր հանել ենք ավազանից ու անվերադարձ լցրել ենք գետը: Սա բացառիկ թիվ է, համեմատության համար ասեմ, որ դա դրանից տասն անգամ ավել է, քան երբ Սևանից ջուր են բաց թողնում: Այսինքն՝ պետք է ոչ թե հետևանքների հետևից վազել, այլ ցանկացած գործունեություն սկսելուց առաջ լուրջ մասնագիտական, փորձագիտական մոդելավորումներ և գնահատումներ արվեին, նոր որոշակի փոփոխություններ անեին:
-Նման խոսք կա, աղքատ երկրներում բնապահանությունը միշտ տուժում է: Այսինքն՝ ինչ-որ իրավիճակային հարցեր լուծելու համար բնապահպանական խնդիրները մղվում են հետին պլան:
-Մենակ աղքատ չէ, աղքատ, կոռումպացված, սեփական ու ընկերային շահը հետապնդող կառավարման համակարգ ունեցող երկրներում, այո՛, էկոլոգիան և բնապահպանական խնդիրները մղվում են վերջին պլան: Եվ կա խնդիր, որը մեր կարծիքով, անդառնալի է:
-Ամեն դեպքում, այդ ընկերային շահը Արարատյան դաշտի հողատերերին տո՞ւրք էր, թե այլ պատճառ ուներ:
-Նրանք այդ արտեզյան ավազան ջրերի հույսին չեն: Դրա համար Ազատ գետից են բերում ու այլ այլընտրանքային աղբյուրներից են ջուր բերում: Եվ տուժողը միշտ լինելու է շարքային գյուղացին: Եվ իր հողերը կմնան-կչորանան, հետո այդ հողային ֆեոդալները կոպեկներով էդ հողերը կգնեն և գյուղացիներն իրենց մոտ կսկսեն աշխատել որպես բատրակներ:










