Արքայազն Ուիլյամն ու Հարին ավագ քույր ունեն. լրատվամիջոցներ

22:23 • 30.08.17

Արքայազներ Ուիլյամն ու Հարին Սառա անունով ավագ քույր ունեն, որն ապրում է ԱՄՆ-ում:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով GALA հայտնիների կյանքի մասին տեղեկություններ հրապարակող մասնագիտացված պորտալը, գենետիկորեն Սառան թագավորական ընտանիքի ժառանգներից է և հավակնում է բրիտանական գահին:

Գերմանական ԶԼՄ-ների տվյալներով՝ արքայազների քույրը լույս աշխարհ է եկել արհեստական բեղմնավորման արդյունքում: 1981-ին Էլիզաբեթ Երկրորդ թագուհու պահանջով կլինիկական հետազոտություններ են իրականացվել, որպեսզի համոզվեն, որ Դիանան կարող է երեխա ունենալ:

Հրահանգի համաձայն՝ արքայազն Չարլզից բեղմնավորված ձվաբջիջները պետք է ոչնչացվեին: Սակայն դրա փոխարեն հետազոտությունն իրականացրած բժիշկը արհեստական բեղմնավորում է արել իր կնոջը:

Նշվում է, որ բժշկի ընտանիքն ավելի ուշ սկսել է սպառնալիքներ ստանալ, այդ իսկ պատճառով մեկնել է ԱՄՆ: Առաջինն այս առեղծվածային պատմության մասին հայտնել է ամերիկյան Globe ամսագիրը:

Հայտնի է, որ արքայազն Ուիլյամն ու դքսուհի Քեյթը ԱՄՆ կատարած այցի ժամանակ հանդիպել են Սառային, որին Ուիլյամը որպես քույր է ճանաչել:

Ավելի ուշ ԱՄՆ-ում Սառայի հետ հանդիպել է նաև արքայազն Չարլզը: Համենայն դեպս, միապետական ընտանիքի անդամներից և ոչ մեկը պաշտոնապես որևէ հայտարարություն չի արել աղջկա վերաբերյալ: