Նեպալում 3-ամյա աղջիկն ընտրվել է որպես «կենդանի աստվածուհի» և ապրելու է տաճարում մեկուսացված

22:59 • 27.09.17

Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում 3-ամյա աղջկան ընտրել են որպես «կենդանի աստվածուհի», քանի որ նրա նախորդը «պաշտոնաթող է եղել» սեռական հասունության տարիքի հասնելով:

Ինչպես հայտնում է India Times-ը, սա հնագույն ավանդույթ է, որի համաձայն՝ երիտասարդ աղջիկներին երկրպագում են որպես «աստվածուհիների»:

Հինգշաբթի կայանալիք արարողության ժամանակ 3-ամյա Տրիշնա Շաքյան կօծվի որպես նոր «Կումարի»: Արարողությունից հետո աղջնակը կհեռանա իր ընտանիքից, քանի որ պետք է ապրի Կատմանդուի հնագույն Դանբար հրապարակի պալատում: Աղջկան ընտրել են 4 թեկնածուից:  

Որպես «կենդանի աստվածուհի» ընտրվելուց հետո Շաքյան, ինչպես և նրա նախորդները, կկարողանա իր նոր բնակավայրից դուրս գալ տարին 13 անգամ միայն՝ հատուկ տոն օրերին:

Նա շքերթով կանցնի Կատմանդուի փողոցներով՝ հատուկ հանդերձանքով և շպարով, որպեսզի նեպալցիները երկրպագեն նրան: