ԱԺ հանրային կապերի վարչության պետը լրացուցիչ կպարզաբանի, թե ինչու է սխալ ընկալվել, որ «Վիվասելը» զիջել է Հերմինե Նաղդալյանի հեռախոսային վճարը

16:39 • 17.11.17

ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը խոստանում է լրացուցիչ պարզաբանում տալ, թե ինչու է սխալ հասկացել և մեկնաբանել, որ ընկերությունը զիջել է ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հեռախոսային ծառայությունների վճարը:

«Վիվասել» ընկերության կողմից պարզաբանելուց հետո ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչությանը հանձնարարվել է ուսումնասիրել, թե ինչն է եղել պատճառը, որ ընկերության կողմից նախնական ներկայացված տեղեկության և հետագայում ներկայացված հաշվի միջև եղել է գումարի զգալի տարբերություն, որն էլ ընկալվել է որպես զիջում։ Ուսումնասիրությունն ավարտվելուց հետո կտրվի լրացուցիչ պարզաբանում»,-Tert.am-ին ասաց ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

Նշենք, որ այսօր Հայաստանում հեռահաղորդակցության ծառայություն մատուցող «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը հերքել է ԱԺ աշխատակազմի Հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանի այն հայտարարությունը, թե իբր ընկերությունը զիջել է ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հեռախոսային ծառայությունների վճարը:

Իսկ ավելի վաղ Արսեն Բաբայանը նշել էր, որ տեղեկությունը, թե ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի 2 մլն դրամի պարտքի կուտակումը բջջային հեռախոսային խոսակցությունների համար վճարվել է պետբյուջեից՝ չհիմնավորված բամբասանք է և նման գումար չի եղել: 

«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պարտքը առաջացել է տեխնիկական խնդրի պատճառով, մասնավորապես, ռոումինգ ցանցում միացված է եղել 3G կապը: Ընկերությունը հրաժարվել է իր ներկայացրած հաշվից դեռևս մայիսին: Ուստի՝ ԱԺ աշխատակազմը գումար չի վճարել, հետևաբար՝ չկար և փոխհատուցման պահանջ ներկայացրելու անհրաժեշտություն», - ասել էր Արսեն Բաբայանը:

Մինչդեռ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն  պարզաբանման մեջ ասել էր, որ ««ՄՏՍ Հայաստան» ընկերությունն իր բոլոր բաժանորդներին, լինեն դրանք անհատներ, կազմակերպություններ կամ պետական մարմիններ,  ծառայություններ է մատուցում համապատասխան պայմանագրերի և դրանցում ամրագրված պայմանների, այդ թվում՝ սակագների, հիման վրա: Մատուցված ծառայությունների համար հաշիվներ են տրվում և վճարումներ են ընդունվում այդ նույն պայմանագրերով և գործող իրավական ակտերով սահմանված կարգով:

Վերջին շրջանում ԶԼՄ-ներում արծարծվող հարցերի կապակցությամբ, Ընկերությունն իրականացրել է ներքին ուսումնասիրություն և կարող է ամբողջ պատասխանատվությամբ հավաստել, որ Ընկերությունը չի ունեցել դուրս գրվող հաշիվներում շեղում առաջացնող որևէ տեխնիկական խնդիր, մատուցված ծառայությունների դիմաց հաշիվները տրվել են հավուր պատշաճի, դրանք չեն վերանայվել Ընկերության կողմից և վճարվել են բաժանորդի կողմից: