Ամենակարևոր հմայքն այն է, որ, անկախ նրանից՝ ով կլինի, կանոնով պետք է աշխատի. Վ. Արամյանը՝ «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն անելու մասին

12:29 • 23.11.17

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների մասին որոշման նախագիծը:

«Սա երկար քննարկված է հարց է, մենք մի քանի օրենքներում փոփոխություններ ենք առաջարկում, խոսքը հարկաբյուջետային նոր կանոնների մասին է»,-ասաց նա և հիշեցրեց, որ այս տարվա հունիս ամսին ունեցել են տեխնիկական օժանդակություն Արժույթի միջազգային հիմնադրամից: Այսպիսով` նա գտնում է, որ հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ հարկաբյուջետային կանոնների մասով գործող իրավակարգավորումները բավականին կոշտ են:

«Այսօր մենք ունենք հետևյալ նորմերը՝ Պետական պարտքի մասին օրենքով ասվում է, որ եթե 50 տոկոս գերազանցում ես պետական պարտքը, ապա հաջորդ տարին դու պետք է ծրագրավորես նախորդ երեք տարիների միջին ՀՆԱ-ի 3 տոկոսից ոչ ավելի պակասուրդ և 60 տոկոսի գերազանցման դեպքում պարտքն առ ոչինչ է. Սա խիստ կոշտ մոտեցում է: Նշել ենք երեք շեմ՝ 40, 50 և 60 տոկոս, եթե պարտքը 40 տոկոսից ավել է, պետք է աշխատի այն նորմը, որ քո կապիտալ ծախսերը պետք է ավելի լինեմ, քան պակասուրդը, եթե 50–ից ավելի է, ապա կոշտացնում ես պայմանները, կանոն ես դնում ընթացիկ ծախսերի աճի վրա, իսկ եթե 60 տոկոսից գերազանցում է ՝ ավելի կոշտացնում ես, որ ընթացիկ ծախսերը կապես նաև միջին եկամուտների հետ»,-ասաց նա:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե տնտեսական բլոկի նախարարները հարցեր չունեն: «Ազատության աստիճանը չի՞ սահմանափակվում»,-ասաց նա,իսկ Վարդան Արամյանը արձագանքեց. «Հակառակը, պարոն վարչապետ, այս կանոնների ամենակարևոր հմայքն այն է, որ, անկախ նրանցի ով կլինի, կանոնով պետք է աշխատի հարկաբյուջետային քաղաքականությամբ, սա է հիմնական փիլիսոփայությունը»: