Ավշարի մանկապարտեզում շինարարական խոշոր թերությունների պատճառով հիմնանորոգումը դադարեցվել է

15:05 • 23.11.17

Տարածքային զարգացման և կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց, որ Արարատի մարզի Ավշար համայնքի մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի շրջանակներում 37.5 միլիոն դրամ է տրամադրվել, սակայն այդ գումարի մեծ մասը վերադարձվում է պահուստային ֆոնդ:

Փոխնախարարը պարզաբանեց, որ ի սկզբանե որոշված է եղել վերանորոգել կիսակառույց մանկապարտեզը, սակայն աշխատանքի ընթացքից պարզ է դարձել, որ կիսակառույցի վերանորոգումը նպատակահարմար չէ, որովհետև շինարարական խոշոր թերություններ են հայտնաբերվել, որոնք նախապես տեսանելի չեն եղել, քանի որ այդ կիսակառույցի վրա մեծ ծավալով շինարարական կոնստրուկցիաներ են եղել դրված:

«Այդ իսկ պատճառով էլ առաջարկվում է լուծարել պայմանագրերը, որոնք կնքվել են ընկերությունների հետ, վճարել 2 միլիոնից ավել դրամը, իսկ մնացած գումարը պահուստային ֆոնդ վերադարձնել»,-ասաց նա:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հարց բարձրացրեց, թե որքանով են երաշխավորված, որ նման դեպքեր այլևս չեն լինի: «Մենք բյուջե ենք հաշվարկում, հետո հասկանում, որ անհնար է շինարարական աշխատանքը, հետազոտվե՞լ է, հասկացվե՞լ է՝ որտեղ է մեր սխալը եղել: Ես չեմ ասում, որ որևէ արտառոց դեպք չի կարող լինել, բայց պետք է նախապես հաշվարկել»,– ասաց վարչապետը:  

Փոխնախարարը պատասխանեց, որ սա պետք է դասել արտառոց դեպքերի շարքին: «Ուղղակի ուսումնասիրություններն արվել են ներքևի հարկերում, իսկ վերևի հարկերի վրա դասված են եղել մեծ կոնստրուկցիաներ, հետո տեղափոխվել են, ու պարզվել՝ դեֆեկտներ կան,-ասաց նա:

Ամփոփելով նախագիծը՝ վարչապետն ասաց. «Հասկացեք ամբողջ գործընթացը, գտեք մեր թույլ օղակները, նաև օղակները, որոնք պատասխանատու են նման ինֆորմացիա տրամադրելու համար»: