ԵԺԿ գագաթնաժողովի հռչակագրում ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին ձևակերպումներ կան (լուսանկարներ)
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է երեկ տեղի ունեցած Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովի հռչակագրի որոշ հատվածներ՝ ուշադրություն հրավիրելով հատկապես հռչակագրում ԼՂ հիմնախնդրին վերաբերող ձևակերպումների վրա:
Ըստ հրապարակվածի՝ ԵԺԳ գագաթնաժողովի հռչակագրում մասնավորապես նշված է․ «Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնք հիմնված են միջազգային նորմերի և իրավունքի վրա, մասնավորապես նրանց, որոնք վերաբերում են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությունը և ժողովուրդների ինքնորոշմանը: Մենք կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 1994-1995 թթ ձեռք բերված պայմանավորվածություններին, իրականացնել վստահության միջոցների ստեղծմանն ուղղված քայլեր և նվազեցնել լարվածությունը շփման գծում, ներառյալ այնպիսի միջոցների, որոնց շուրջ համաձայնություն է եղել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ»:
Հրապարակված տեքստի համաձայն, ԵԺԿ-ն նաև ողջունել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև՝ Հայաստանի և Եվրամիության միջև վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունը:












