Որևէ մեկը չպետք է ծայրահեղացնի ընտանեկան բռնության կանխարգելման օրինագիծը. Կ. Աճեմյան

14:35 • 11.12.17

Որևէ մեկը չպետք է ծայրահեղացնի ընտանեկան բռնության կանխարգելման օրինագիծը: Այս մասին այսօր Ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծի թեմայով քննարկմանն ասաց ՀՀ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:

«Եթե դուք հետևել եք ԱԺ-ում քննարկումներին, պատգամավորները, այդ թվում` ընդդիմադիր, ծայրահեղ որակումներով հանդես եկան այս օրենքի նախագծի վերաբերյալ: Մեր օրենսդիրներն անընդհատ ասում են, որ դուք միջամտում եք ընտանիքի գործերին և միջամտում եք բացասական առումով, բայց դա այդպես չէ»,- նշեց պատգամավորը:

Նրա համոզմամբ՝ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի ընդունումը հստակ մեսիջ է:

«Շատ լավատես եմ այն առումով, որ օրենքը անպայման կծառայի իր նպատակին: Մենք նաև պետք է այնպես անենք, որ այդ միջամտությունները, քանի որ ընտանիքը նուրբ օրգան է, տեղին լինեն և երբևէ չվնասեն գործին»,- հայտնեց նա:

Կարինե Աճեմյանն ընդգծում է, որ այս օրենքը չպետք է դիտարկել մեկ ուղղությամբ՝ կանանց կամ երեխաների դեմ բռնության, այլ պետք է ամբողջականացնել օրինագիծը:

«Եթե ուզում ենք, որ այս օրենքն իրականում գործի, ապա մենք պետք է իրազեկենք հասարակությանը և առաջին հերթին այնպես անենք, որ այն ունենա կանխարգելիչ նշանակություն»,- ասաց նա:

Պատգամավորը նաև հայտնեց, որ շատ կարճ ժամկետում պետք է ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումից հետո այլ օրենքներում համապատասխանեցումներ լինեն, ինչպես նաև տեղի ունենա ոստիկանների, սոցիալական աջակցության կենտրոնների աշխատակիցների, կրթական, առողջապահական ոլորտների ներկայացուցիչների վերապատրաստման գործընթաց: