ՄԻԵԴ-ն անկողմնակալ որոշում կկայացնի. Արցախի ՄԻՊ-ը՝ Չիրագովի գործով Հայաստանից մոտ 8 մլն եվրո պահանջի որոշման մասին

13:12 • 11.12.17

Դեկտեմբերի 12-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատը կհրապարակի «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործերով արդար փոխհատուցում տրամադրելու որոշումները: Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ ՄԻԵԴ դատավորներն անաչառ որոշում կկայացնեն:

Tert.am-ի հետ զրույցում Ռուբեն Մելիքյանն ասաց, որ ՄԻԵԴ-ը որոշում կկայացնի իրավական հիմքի վրա. «Մի քանի տարի առաջ Եվրոպական դատարանը երկու գործերով էլ հրապարակել է հիմնական վճիռները, արդարացի փոխհատուցման հետ կապված հատվածը թողել է հետագա քննարկման, և վաղը հրապարակվելու է այդ որոշումը»։

Ինչ վերաբերում է «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով Հայաստանից պահանջվող գումարի չափին՝ 7 900 000 եվրոյին, Մելիքյանն ասաց, որ մեկ բան է, թե ինչ է պահանջում դիմումատուն, մեկ այլ բան է, թե ինչ է որոշում Եվրոպական դատարանը. «Իմանալով և ծանոթ լինելով Եվրոպական դատարանի որոշումներին՝ չեմ կարծում, որ նման աստղաբաշխական թվերով որոշում կկայացնի»:

Մելիքյանն ասաց, որ Եվրոպական դատարանն առաջնորդվում է իր չափանիշներով և շատ հաճախ դրանք չեն համապատասխանում դիմումատուի պահանջներին. «Այստեղ պետք չէ մոռանալ նաև պատասխանողի մասին, իսկ թե ինչ կպահանջեն, դա այլ հարց է, կարող են ամեն ինչ պահանջել: Ես անկողմնակալություն եմ ակնկալում ՄԻԵԴ-ից, այն անկողմնակալ որոշում կկայացնի»:

Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 16-ին «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշում է ընդունել` արձանագրելով, որ Ադրբեջանը խախտել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթներ: ՄԻԵԴ կայացրած որոշման մեջ նշվում է, որ Ադրբեջանը խախտել է կոնվենցիայի 1-ին (սեփականության պաշտպանությունը), 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք) և 13-րդ (արդյունավետ հատուցման իրավունք) հոդվածները:

Դատարանի որոշմամբ` Ադրբեջանը պարտավորված է եղել ապահովել Սարգսյանի իրավունքները, ինչը, սակայն, չի արել: ՄԻԵԴ-ի վճիռը սահմանում է, որ Սարգսյանի իրավունքները պետք է վերականգնվեն և նրան պետք է փոխհատուցում վճարվի:

Եվրոպական դատարանը հունիսի 16-ին վերջնական որոշում է կայացրել նաև «Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով` բավարարելով ադրբեջանական կողմի բողոքը:

Չիրագովները դատարանից պահանջում են իրենց կորցրած ունեցվածքի համար Հայաստանից գանձել վնասների փոխհատուցում՝ 7.9 մլն եվրոյի չափով:

Սարգսյանները Ադրբեջանից պահանջում են մոտ 570 հազար եվրոյի չափով փոխհատուցում: Այս հարցի վերաբերյալ վճռի կայացումը դատարանը հետաձգել էր՝ կողմերին հնարավորություն տալով բանակցային ճանապարհով սահմանել երկուստեք ընդունելի փոխհատուցման չափը:

Սարգսյանը 2006 թվականին հայց է ներկայացրել իր տան քանդման և սեփական բնակավայրից բռնի արտաքսվելու, իր սեփականությունը տնօրինելու և օգտագործելու իրավունքի ոտնահարման, անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի ոտնահարման, Ադրբեջանում մի շարք հայկական գերեզմանատների վերացման, բռնի ուժով հայերին սեփական բնակավայրերից արտաքսելու, ազգային և կրոնական պատկանելության պատճառով խտրականությունների, ինչպես նաեւ հայերի հանդեպ կիրառված բռնության փաստերի նկատմամբ կառավարության անգործության դեմ:

«Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործի մեղադրող կողմի ներկայացուցիչներն Ադրբեջանի 7 քաղաքացի են, ովքեր բոլորն էլ ներկայացել են որպես Լաչինի նախկին քրդեր, իրենց գանգատում պնդել են, որ մինչև հակամարտությունը իրենք բնակվել են Լաչինում, որտեղ ունեցել են բնակարան և այլն: Պատերազմի արդյունքում նրանք ստիպված են եղել լքել իրենց ունեցվածքը, և մոտակա ժամանակահատվածում իրենց կողմից իրենց գույքը տնօրինելու հնարավորություն ստանալու հեռանկար չկա: