«Հանուն գիտության զարգացման» անդամները դադարեցնում են քննարկումները և կրկին հացադուլ են սկսում
Կառուցողական դիրքորոշում ցուցաբերելուց և պետական մարմինների հետ քննարկումներում որևէ արդյունքի չհասնելուց հետո «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությանը այլ բան չի մնում, քան ավարտված համարել իշխանությունների հետ քննարկումները, և պայքարը շարունակել այն կետից, որտեղ դադարել է: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի միջոցով հայտարարեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:
«Մեր պայքարը դադարել է հացադուլի ժամանակ: Այժմ մենք նորից հացադուլ ենք սկսում և միայն մեր պահանջների բավարարման դեպքում կդադարեցնենք այն»,- նշեց նա:
Նախաձեռնության անդամների պահանջը հետևյալն է՝ տարկետման ինստիտուտը պետք է պահպանվի այնպես, ինչպես կար նախքան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում արված փոփոխությունները: Նրանք ընդունում են, որ տարկետման ներկայիս ինստիտուտը վերափոխման, վերաարժեվորման կարիք ունի, բայց դա պետք է արվի ոչ թե վերացման ձևով, այլ կրթության և գիտության ոլորտում անհրաժեշտ փոփոխություններով՝ կոռուպցիոն ռիսկերը վերացնելով կամ նվազեցնելով:
«Պաշտպանության նախարարությունը չի ընդունում օրենքի բացասական ազդեցությունը գիտության վրա և տարկետման իրավունքի կարևորությունը գիտության զարգացման համար: Պատգամավորների և պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ մեր աշխատանքում շոշափելի արդյունքներ չգրանցվեցին: Այդ բանակցությունները ընթանում են ոչ թե լուծումներ գտնելու համար, այլ գնում են, որ ուղղակի գնան: Այս պայմաններում բանակցությունները շարունակելու իմաստ չկա»,- ասաց Դավիթ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին դեմ արտահայտվող ուսանողները դասադուլն ու հացադուլը դադարեցրել էին նոյեմբերի 15-ին՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո։ Իսկ նոյեմբերի 22-ին նախաձեռնության անդամները կլոր սեղան-քննարկման մասնակցեցին իշխանությունների հետ:
Նոյեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նոյեմբերի 29-ին ՀՀ Նախագահն ստորագրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը։










