ԱԺ-ում քվեարկության շուրջ կրքերը չեն հանդարտվում. «Ելքը» պնդում է` նախագիծն ընդունվել է ապօրինի, ՀՀԿ-ն հակադարձում է

13:51 • 20.12.17

 

«Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկության շուրջ կրքերը ԱԺ-ում չեն հանդարտվում: ԱԺ ամբիոնին մոտեցավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և հայտարարեց, որ քվեարկությունը եղել է անօրինական:

Նա ներկայացրեց քվեարկության ամբողջ ընթացքը և նշեց, որ ցուցատախտակը ցույց է տվել  61 կողմ և արձանագրվել է, որ օրենքի նախագիծը չի ընդունվել: Երբ ցուցատախտակին քվեարկությունը վերականգնվել է, Ռուստամ Մախումդյանը հայտարարել է, որ իր քվեարկության կոճակը չի աշխատել, և գումարված Արփինե Հովհաննիսյանի ձայնն էլ գումարվել է և հայտարարվել, թե օրենքի նախագիծն ընդունվել է:

Նիկոլ Փաշինյանը սակայն նշեց, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն  Ազիզյանը հայտնել է, որ ինքը չի մասնակցել քվեարկությանը և մոտեցել` այդ մասին հայտնել է նաև ԱԺ քարտուղարությանը, որի մասին էլ Վահե Էնֆիաջյանն է ԱԺ ամբիոնից հայտարարել և ներկայացրել Ազիզյանի գրությունը: 

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ դրանից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մեջբերել է ԱԺ կանոնակարգի 60-րդ հոդվածի 7-րդ մասը, որ Ազիզյանի հայտարարությունը  վավերական չէ, ու ուժի մեջ չէ: «Բայց ԱԺ կանոնակարգի մինչև 7-րդ մասը, ունի նաև 6-րդ մաս,  որտեղ գրված է, որ քվեարկության արդյունքները քվեատախտակի վրա վերականգնվում են, եթե այդ մասին հայտարարում է որևէ պատգամավոր, կապ չունի՝ քվեարկողը, չքվեարկողը, եթե հայտնաբերում է խախտումներ, որոնք կարող են ազդել քվեարկության արդյունքների վրա։ Ոչ թե ազդում է, ապացուցված է, այլ կարող է, ապա նիստը նախագահողի առաջարկով` առանց քննարկման, հարցի քվեարկումը կրկնվում է: Այսինքն` կանոնակարգն այս հարցը լուծում է: Հետևաբար, եթե Ազիզյանի պահն էլ հանենք, Մախմուդյանը հայտարարել է, որ իր կոճակը չի աշխատել, որը ուղիղ ազդել է քվեարկության վրա»,-ասաց նա և նշեց, որ, հետևաբար, ԱԺ նիստը նախագահողն այլ բան չպետք է աներ, քան իրականացներ վերաքվեարկություն:

«Այդ դեպքում բոլորին ամեն ինչ պարզ կդառնար, որ օրենքը չի ընդունվել և հիմա էլ պարզ է։ Ուզում եմ արձանագրել, որ «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը և կից ներկայացված նախագծերը չեն ընդունվել»,-ասաց նա:

Փաշինյանի հայտարարությանը արձագանքեց նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Շարմազանովը, որ կանոնակարգ օրենքը 60-րդ հոդվածի 6-րդ կետը ասում է` քվեարկության արդյունքները լուսատախտակին վերականգնվում են, եթե որևէ պատգամավոր դրա մասին հայտնում է, և Արա Բաբլոյանն էլ վերականգնել է:

Շարմազանովը շարունակեց, որ վերաքվեարկություն է կատարվում, եթե որևէ պատգամավոր հայտնաբերում է խախտումներ:

«Իսկ այս դեպքում որևէ խախտում չի հայտնաբերվել, ես` որպես նիստ նախագահող, կրկնում եմ` «Ծառուկյան» դաշինքից որևէ պատգամավոր` սկսած Նապոլեոն Ազիզյանից, վերջացրած այլ պատգամավորով, նիստի ժամանակ վարման կարգի վերաբերյալ որևէ առաջարկություն չի արել»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը տեղից գոռաց, թե խոսքը վերաբերում է Ռուստամ Մախմուդյանին, ում կոճակը չէր աշխատել և ԱԺ նախագահը պարտավոր էր վերաքվեարկություն անել:

Ի պատասխան` Էդուարդ Շարմազանովը նշեց. «После обеда горчицы не надо... Օրենքն ընդունվել է և ամեն ինչ օրինական է եղել»: