Սպիտակի երկրաշարժի մասին ներկայացումը հուզել է Ստավրոպոլի երկրամասի բնակիչներին

14:54 • 27.12.17

Ստավրոպոլի երկրամասի արվեստի քոլեջի ուսանողները ցուցադրել են «Ավետյաց երկրի լացը» ներկայացումը («Плач земли обетованной»), որը նվիրված է 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերին: Այս մասին հայտնում է «Ставропольская правда»-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ներկայացման սցենարի հեղինակ, ռեժիսոր և նկարիչ-ձևավորող է դարձել քոլեջի երրորդ կուրսի ուսանողուհի Անաստասիա Ավգուստինովան, որը դուդուկի նվագակցությամբ Հայաստանի անունից պատմել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի դեպքերի մասին:

«Սրահում նստած բոլորի՝ թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների մոտ արցունքներ առաջացրած ներկայացումը բեմի վրա ցուցադրել են քոլեջի երկու բաժինների ուսանողները, ինչպես նաև՝ «Арт-группа Brevis» ազգային թատերախմբի մասնակիցները: «Ավետյաց երկրի լացը» ուսանողական ներկայացումը ցնցող տպավորություն է թողել», - նշել է աղբյուրը:

Նշվում է, որ ներկայացման ընթացքում հանդիսատեսին ցուցադրվել են նաև դեպքի վայրից վավերագրական կադրեր:

Սպիտակի երկրաշարժի մասին ներկայացումը հուզել է Ստավրոպոլի երկրամասի բնակիչներին