Հայկական արտադրողները դինամիկ զարգացող հնդկական շուկայում ցածր արժեքի գինիներ վաճառելու շանսեր ունեն. Ա. Հարությունյան

21:17 • 27.12.17

Հնդկական շուկան աշխարհի ամենադինամիկ զարգացող շուկաներից մեկն է և Հայաստանի համար շատ մեծ նշանակություն ունի: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Գինու ազգային կենտրոն»-ի ՀԿ նախագահ Ավագ Հարությունյանը՝ անդրադառնալով տեսակետին, թե հնդկական շուկան բաց է հայկական գինիների համար: Նա նկատեց, որ այսօր աշխարհի ուշադրությունը սևեռված է հնդկական շուկայի վրա, քանի որ կա հավանականություն, որ այն չինականի նման հեռանկարային է:

Հարությունյանը նշեց, որ Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի միջնորդությամբ մի քանի անգամ հանդիպումներ եղել են հնդիկ գործարարների հետ:

«Հնդկական շուկա մուտք գործելու համար աշխատանքներ արվել են, բայց հնդկական շուկան, ի տարբերություն չինական շուկայի, սեգմենտավորված չէ, այսինքն՝ չինական շուկայում կարող ես ցանկացած արժեքի գինի վաճառել, իսկ հնդկական շուկայում առայժմ խոսքը գնում է շատ ցածր սեգմենտի մասին: Հայկական խոշոր արտադրողները շանսեր ունեն այդտեղ ցածր արժեքի գինիներ վաճառելու: Ներկայում Հնդկաստանում թանկ գինիներ վաճառելը շատ բարդ է՝ նրանք զգուշավոր են գործում, հնդկական շուկայում թանկ սեգմենտն այս պահին Ֆրանսիային է պատկանում»,- ասաց նա:

Հարությունյանը նշեց, որ հնդիկ գործարարները հայկական շուկայից նմուշներ վերցրել են, և այս պահին դեռևս քննարկումների փուլն է, ինչը, ըստ նրա, արդյունավետ առաջխաղացում կունենա: Նա նկատեց, որ ընդամենը 1 տարի է, ինչ այս գործընթացը սկսել է: Միևնույն ժամանակ նա նկատեց, որ խոշոր գործարարներն այս պահին հնարավորություն ունեն հնդկական շուկա ցածր սեգմենտի գինի արտահանել, ինչը կարող են մի քանի տարի հետո չունենալ՝ պայմանավորված արտահանման աճով:

«Առայժմ ունեք, որովհետև դեռ ծավալներ ունենք, բայց արտահանման տենդենցը շարունակվում է՝ տարեկան 30 տոկոսով, առնվազն 20 տոկոսով մեր արտահանման ծավալները մեծանում են, ու 2 տարի հետո հնդկական շուկայում ցածր սեգմենտով գինի վաճառելու ռեսուրսը չենք ունենան: Եթե մենք դրսից բերենք գինի, ինքը չլինի հայկական ու արտահանենք, ապա ռեսուրսը կհերքի, բայց որքանո՞վ դա հնդկական շուկային ձեռք կտա՝ չեմ կարող ասել: Ես գիտեմ, որ հնդկական շուկայում 1.5 դոլարով գինին անհայրենք գինի է»,- ընդգծեց Հարությունյանը:

Սակայն «Գինու ազգային կենտրոն»-ի ՀԿ նախագահը շեշտեց՝ ցածր սեգմենտի գինին դեռ չի նշանակում անորակ գինի: Ավագ Հարությունյանի խոսքով՝ մինչև 1.5 դոլարի շրջանակում պետք է որակյալ գինի կարողանանք արտահանել:

«Անորակ ապրանքը բացառվում, քանի որ հնդկական շուկայում 1.5 դոլարանոց գինին որակյալ է: Պետք է այդ սեգմենտում տանք որակյալ գինի, անորակը մոռացեք»,-եզրափակեց Ավագ Հարությունյանը:

ՀեղինակԱնի Օհանյան