Մանկական բազմաթիվ սիրված երգերի հեղինակ Վլադիմիր Շաինսկին կհուղարկավորվի հունվարի 10-ից հետո միայն
Հանրահայտ կոմպոզիտոր, մանկական բազմաթիվ սիրված երգերի հեղինակ Վլադիմիր Շաինսկիին կդիակիզեն և կհուղարկավորեն հունվարի 10-ից հետո միայն։ Ներկայում ծրագրված է հուղարկավորությունն անցկացնել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում, որտեղ վերջին տարիներին ապրել է երգահանը։ Այդ մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ասել է կոմպոզիտորի այրին՝ Սվետլանա Շաինսկայան։
«Դա կլինի հունվարի 10-ից հետո միայն, քանի որ այժմ տոնական օրեր են, իսկ նրանք (համապատասխան մարմինները) պետք է տրամադրեն նախ մահվան վկայական, այնուհետ դիակիզում իրականացնեն, իսկ դրա համար պետք է լինեն աշխատանքային օրեր, այժմ շատերն արձակուրդում են»,-պարզաբանել է երգահանի այրին։
Ըստ նրա՝ հուղարկավորության հստակ ամսաթվի ու վայրի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։
Դեկտեմբերի 26-ին հաղորդվեց, որ Մոսկվայում 92 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային շրջանի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկը ՝ Վլադիմիր Շաինսկին: Տաղանդաշատ կոմպոզիտորը բազմաթիվ հայտնի երգերի հեղինակ է՝ «Երկնագույն վագոն», «Անտոշկա», «Չունգա-չանգա», «Սպիտակ նավակներ», «Ժպիտ», ինչպես նաև Չեբուրաշկայի և կոկորդիլոս Գենայի մասին մուլտֆիլմի մյուս սիրված երգերը:
Կոմպոզիտորը ծնվել է 1925թ. դեկտեմբերի 12-ին՝ Կիևում: Նա երաժշտական կրթություն է ստացել Ուկրաինայի մայրաքաղաքում, այնուհետ՝ Տաշքենդում: Շաինսկին ուսանել է նաև Մոսկվայի կոնսերվատորիայում:










