Սանկտ Պետերբուրգի բնակիչներին խորհուրդ են տվել կարդալ Մարիամ Պետրոսյանի գիրքը՝ հետտոնական ընկճախտից ազատվելու համար
«Санкт-Петербургские ведомости» ռուսական պարբերականն իր ընթերցողներին առաջարկել է հետտոնական ընկճախտից ազատվելու հետաքրքիր միջոց: Հոդվածի հեղինակը վատ տրամադրության դեմ պայքարելու համար կոչ է արել ընթերցել՝ առաջարկելով 19-րդ դարի բրիտանական դասական գրականությունը, ժամանակակից անգլիացի գրողների գրքերը և այլն:
Հոդվածի հեղինակը գրել է, որ ժամանակակից ռուսական արձակը նախատեսված չէ ընկճախտը կանխարգելելու համար՝ նշելով, որ այս կանոնից էլ բացառություն կա, և առաջարկելով Մարիամ Պետրոսյանի «Տունը, որտեղ...» վեպը:
«Հայ մուլտիպլիկատոր Մարիամ Պետրոսյանի «Տունը, որտեղ...» վեպը՝ հսկայական, խճճված՝ ինչպես անվերջանալի լաբիրինթոս, բազմաշերտ՝ ինչպես Գարգանտյուայի սեղանի նապոլեոն թխվածքը, ընթերցողներին տանում է ամբողջովին առանձնահատուկ աշխարհ՝ փակ և անվերջանալի, վտանգավոր, ֆանտաստիկ, որտեղ կարելի է կորչել շաբաթներով (որոշ դեպքերում նաև՝ տարիներով), մոռանալ ամեն ինչի մասին, ինչ նյարդայնացնում, բորբոքում կամ հունից հանում է», - ասվում է պարբերականում:
Հոդվածի հեղինակը նշում է, որ Մարիամ Պետրոսյանի վեպը հանգստացնում է, չնայած գրքի գործողությունները տեղի են ունենում հաշմանդամ երեխաների տուն-ինտերնատում:
Նշենք, որ Մարիամ Պետրոսյանը՝ նկարիչ Մարտիրոս Սարյանի ծոռը, նկարիչ և մուլտիպլիկատոր է, որը գրական շրջանակներում հայտնի է դարձել «Տունը, որտեղ...» վեպի շնորհիվ:










