Բնության արվեստը. իրանցին պատկերներ է կերտում չորացած տերևների վրա (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայում բնակվող իրանցի Օմիդ Ասադին պատկերներ է կտրատում չորացած տերևների վրա, որոնք աչքի են ընկնում իրենց մանր ու հետաքրքիր նախշերով և թեթևությամբ:
38-ամյա նախկին ինժեներ և բռնցքամարտի չեմպիոնի խոսքով՝ արվեստի միջոցով ինքը փորձում է նորովի նայել աշխարհին և իր շրջապատին:
«Իմ արվեստը սկիզբ է առնում մանկությունից, երբ իմ ու բնության միջև խորը զգայական կապ կար: Փոքր ժամանակ ես ասեղի օգնությամբ նախշեր էի անում տերևների կամ վարդերի ընկած թերթիկների վրա: Այնուհետև ես երկար ժամանակով թողեցի այս զբաղմունքն ու վերադարձա իմ հոբբիին 2012 թվականին՝ օգտագործելով տերևները որպես ստեղծագործելու համար հիմնական նյութ», - պատմել է նկարիչը Bored Panda-ին:
Ասադիի խոսքով՝ կտրելու տեխնիկայի միջոցով ինքը ձևափոխում է սովորական տերևները՝ ժամանակատար գործընթացի արդյունքում վերածելով դրանք արվեստի գործերի:
«Ընդհանուր առմամբ, սա մեր շրջակա միջավայրի ընկալման տարբերությունները ցուցադրելու իմ մոտեցումն է. ուզում եմ ցույց տալ, որ մենք չենք նկատում սովորական իրերը, մինչև դրանց վրա ուշադրություն է հրավիրվում», - իր աշխատանքը մեկնաբանել է նա:






















