Շվեդիայում քրեական գործ է հարուցվել սեռական բնույթի ծառայություններից բողոքող տղամարդու դեմ

22:32 • 08.01.18

Շվեդիայի Մալմյո քաղաքի մերսման սրահներից մեկում տղամարդը դժգոհ է մնացել իրեն մատուցված սեռական բնույթի ծառայություններից և ոստիկանություն դիմել՝ բողոքելով հաստատությունից, որը որպես պատասխան ստիպված է եղել գործ հարուցել նրա դեմ։ Այս մասին հայտնում է 24malmo.se կայքը։

«Կիրակի օրը 20֊ամյա տղամարդը ոստիկանություն է դիմել, երբ մերսման սրահ է այցելել Մալմյո քաղաքի կենտրոնում», ֊ նշում է աղբյուրը։

Տղամարդն իր դիմումի մեջ մասնավորապես գրել է, որ մերսումից հետո իրեն առաջարկել են սեռական բնույթի ծառայություններ գնել, և ինքը համաձայնել ու վճարել է։

Հաստատության այցելուի խոսքով՝ ինքը դժգոհ է մնացել մատուցված ծառայությունից և անձնակազմից հետ պահանջել գումարը։ Հաճախորդին մերժել են, և նա ոստիկանություն է դիմել։

Ոստիկանությունը ստիպված է եղել գործ հարուցել տղամարդու դեմ, քանի որ Շվեդիայում 1999 թվականից գործում է սեռական բնույթի ծառայությունների ձեռքբերումն արգելող օրենքը, և դրա խախտումը պատժվում է տուգանքով կամ մի քանի ամիս ժամկետով ազատազրկմամբ։

Նշվում է, որ այժմ ոստիկանությունը կստուգի նաև մերսման սրահը, որի աշխատակիցները կասկածվում են խաբեբայության համար։