«Ոսկե գլոբուս»-ի արժանացած դերասանը շնորհակալություն է հայտնել և՛ կնոջը, և՛ ընկերուհուն

13:45 • 08.01.18

Դերասան Յուեն ՄքԳրեգորը հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխության ժամանակ «Ֆարգո» սերիալում ունեցած դերակատարման համար մրցանակ ստանալուց հետո հանդես է եկել շնորհակալական խոսքով, որում երախտագիտություն է հայտնել և՛ օրինական կնոջը, և՛ ընկերուհուն:

Ինչպես մանրամասնում է Page Six-ը, դերասանն ու կինը՝ Իվ Մավրակիսը, ամուսնացած են 1995թ. ի վեր: Ներկայում նրանք առանձին են ապրում, բայց միևնույն ժամանակ պաշտոնապես ամուսնալուծված չեն: Այդ փաստը չի խանգարում դերասանին հանդիպել դերասանուհի Մերի Էլիզաբեթ Ուինսթեդի հետ:

ՄքԳրեգորը մրցանակի է արժանացել հեռուստասերիալում լավագույն տղամարդու դերակատարման համար:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իվին, որը կողքիս է 22 տարի շարունակ»,-ասել է դերասանը՝ նկատի ունենալով օրինական կնոջը:

Դրանից հետո նա շտապել է շնորհակալություն հայտնել ներկայիս ընկերուհուն, որը, ի դեպ, «Ֆարգո»-ում նրա խաղընկերուհին է ու հանդես է գալիս հարսնացուի դերում:

«Ոսկե գլոբուս»-ի արժանացած դերասանը շնորհակալություն է հայտնել և՛ կնոջը, և՛ ընկերուհուն