Ջիլիան Անդերսոնն աստղի է արժանացել «Փառքի ծառուղում» (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում ծնված և Լոնդոնում մեծացած դերասանուհի Ջիլիան Անդերսոնը, որը հայտնի է «Գաղտնի նյութեր» և «Ամերիկյան աստվածներ» հեռուստասերիալների շնորհիվ, Հոլիվուդի «Փառքի ծառուղում» արժանացել է անվանական աստղի:
The Daily Mail-ի հաղորդմամբ՝ 49-ամյա դերասանուհուն շնորհավորելու էին եկել դերասան Ջոել ՄքՀեյլը, որը և ներկայացրել է նրան հանդիսավոր արարողության ժամանակ, «Գաղտնի նյութերի» ստեղծող Քրիս Քարտերը, «Ամերիկյան աստվածների» նախկին գործադիր պրոդյուսերներից մեկը՝ Բրայան Ֆուլերը, և շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներ:
Նշվում է, որ հանդիսավոր արարողության ժամանակ Ջիլիանը կրել է փայլուն մոխրագույն զգեստ, ոսկեգույն բարձրակրունկ կոշիկներ, ականջօղեր և ակնոց:
Միջոցառման վերջում դերասանուհին, որին ամենամեծ հայտնիությունը բերել է «Գաղտնի նյութերում» ՀԴԲ-ի կարմրահեր գործակալ Դանա Սքալիի դերը, շնորհակալություն է հայտնել պարգևի համար այն մարդկանց, որոնք օգնել են իրեն հասնել հաջողության:























