The Weeknd-ը դադարեցրել է H&M-ի հետ համագործակցությունը՝ ռասիստական սկանդալի պատճառով (լուսանկար)

15:17 • 09.01.18

Կանադացի երգիչ The Weeknd-ը հայտարարել է, որ դադարեցնում է համագործակցությունը H&M հագուստ արտադրողի հետ՝ ընկերության դրսևորած ռասայական խտրականության պատճառով:


Երգիչը Twitter-ում լուսանկար է հրապարակել բրենդի մանկական հավաքածուի գովազդից, որտեղ սևամորթ տղայի վերնաշապիկին գրված է «Ջունգլիների ամենալավ կապիկը»:


«Առավոտյան արթնանալով՝ ես ցնցվեցի այդ լուսանկարի պատճառով: Ես խորապես վիրավորված եմ, և այլևս չեմ աշխատի H$M-ի հետ»,- գրել է երգիչը՝ հրապարակելով լուսանկարը:


Շվեդական H&M (Hennes & Mauritz) ընկերությունը մեղադրվել է ռասիզմի համար մանկական հագուստի հավաքածուի գովազդից հետո, որում «Ջունգլիների ամենալավ կապիկը» գրությամբ վերնաշապիկը ներկայացրել է սևամորթ երեխա։ Twitter-ի օգտատերերը կոչ են արել բոյկոտել ընկերությանը։


Քննադատությունից հետո H&M-ը հեռացրել է գովազդը և ներողություն է խնդրել վիրավորանքի համար:


Ավելի վաղ The Weeknd-ը երկու հավաքածու էր թողարկել ընկերության հետ համագործակցությամբ: Վերջին համատեղ հավաքածուն վաճառքի էր հանվել անցած տարվա սեպտեմբերին:

 

 

 

 

The Weeknd-ը դադարեցրել է H&M-ի հետ համագործակցությունը՝ ռասիստական սկանդալի պատճառով (լուսանկար)