Կատրին Դենյովն ու այլ հայտնի կանայք քննադատել են տղամարդկանց նկատմամբ ատելության ալիքը

15:08 • 10.01.18

Հարյուր կնոջից բաղկացած խումբը, որում ներառված են հայտնի ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովը, գերմանացի դերասանուհի Ինգրիդ Կավենն ու ֆրանսիացի գրող Կատրին Միլեն, հանդես են եկել բաց նամակով, որում քննադատել են տղամարդկանց նկատմամբ ատելության ալիքը:

Ինչպես նշում է ria.ru-ն, նամակը հրապարակվել է Monde պարբերականում:

«Բռնությունը հանցանք է: Սակայն անտակտ ու համառ սիրահետումը հանցագործություն չէ»,- կարծիք են հայտնել նամակի հեղինակները:

Կանայք գտնում են, որ հոլիվուդյան ազդեցիկ պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի շուրջ ծագած սեքսուալ սկանդալից հետո իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ բռնության խնդրի վերաբերյալ հանընդհանուր ուշադրությունը հիմնավորված է:

Թեև նամակի հեղինակները խրախուսում են կանանց նկատմամբ սեռական բռնության դրսևորումների դեմ արտահայտվելը, սակայն համամիտ չեն այն մտքի հետ, որ #MeToo շարժմանը հրապարակայնորեն չաջակցող հայտնիները դավաճաններ են:

Նշենք, որ #MeToo շարժումը տարածվել է սոցցանցերում 2017թ.՝ Վայնշտեյնի շուրջ սկանդալից անմիջապես հետո: Շարժման անդամները համացանցում պատմել են տղամարդկանց կողմից սեռական բնույթի ոտնձգությունների ու բռնության զոհ դառնալու մասին՝ իրենց պատմություններն ուղեկցելով #MeToo հեշթեգով:

«Փաստացի, այս շարժումը պաշտպանվելու կամ արդարանալու հնարավորություն չունեցող տարբեր տղամարդկանց դեմ մամուլում և սոցցանցերում հանրային մեղադրանքների հնչեցման շարժառիթ դարձավ: Դրա հետևանքով տղամարդիկ մի շարքում դասվեցին բռնաբարիչների հետ: Այս տենդը չի օգնում կանանց ավելի անկախ դառնալ, ընդհակառակը՝ այն ծառայում է սեքսուալ ազատության թշնամիների շահերին»,-գրել են նամակի հեղինակները:

Նրանց խոսքով՝ տղամարդիկ ատելության ալիքի զոհ են դարձել միայն նրա համար, որ փորձել են դիպչել կնոջ ոտքին կամ համբուրել նրան, աշխատանքի ժամին խոսել են ինտիմ թեմաներից ու սեքսուալ բնույթի հաղորդագրություն գրել:

Կատրին Դենյովն ու այլ հայտնի կանայք քննադատել են տղամարդկանց նկատմամբ ատելության ալիքը