Առավել կարևոր է, թե ով կլինի վարչապետը․ նախագահի ով լինելը չի կարող անհանգստության պատճառ լինել Ռուսաստանի համար․ Անդրանիկ Միհրանյան

21:28 • 19.01.18

 

Ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի խոսքով ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նախագահի թեկնածուի պաշտոնում Մեծ Բրիտանիայի դեսպան Արմեն Սարգսյանին առաջադրելը լավագույն որոշումն է: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ Արմեն Սարգսյանն ունի լավ կապեր և՛ Արևմուտքում՝ Եվրոպայում, և՛ ԱՄՆ-ում, և՛ Ռուսաստանում:

«Նա միջազգային մեծ փորձ ունի, այդպիսի աշխատանքի համար նա փայլուն պատրաստված և հարմար թեկնածու է»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի հունվարի 18-ի նիստում կուսակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ: Նախագահը Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի անունից Արմեն Սարգսյանին առաջարկել է համաձայնություն տալ ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու` որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու` ևս մեկ անգամ ներկայացնելով իր պատկերացումները ապագա նախագահի որակական հատկանիշների մասին, որոնց, Նախագահի համոզմամբ, միանգամայն համապատասխանում է կուսակցությանն իր կողմից առաջարկված թեկնածուն:

Անդրանիկ Միհրանյանի խոսքով ՝ Արմեն Սարգսյանին Ռուսաստանը կընդունի որպես նախագահ: «Արմեն Սարգսյանը շատ հավասարակշռված գործիչ է, շատ լավ դիվանագետ: Շատ լավ հասկանում է Հայաստանի շահերը և Հայաստանի մեծ կապերն ու հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այդ իմաստով՝ չեմ կարծում, որ նրա թեկնածությունը կարող է Ռուսաստանում որևէ բացասական կարծիք ստեղծել»,- նշեց հայազգի ռուսաստանաբնակ քաղաքագետը:

Նա նաև մատնանշեց՝ նոր սահմանադրությամբ նախագահը լայն լիազորություններով օժտված չէ և կարևոր որոշումները նա չի կայացնում «Եվ՛ տնտեսական, և՛ քաղաքական խարիսխները լինելու են վարչապետի ձեռքում: Առավել կարևոր է, թե ով կլինի վարչապետը: Այնպես որ, նախագահի ով լինելը չի կարող անհանգստության պատճառ լինել Ռուսաստանի համար»,- նշեց նա:

ՀՀԿ-ի համար նախընտրելի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, Անդրանիկ Միհրանյանի խոսքով, ինքն անձամբ է ճանաչում:  «Ես ճանաչում եմ նրան շատ վաղուցվանից, երբ դեռ նոր էր նշանակվել դեսպանի պաշտոնում: Լինելով նոր նշանակված դեսպան՝ կարողացավ հնարավորություններ և մեծ կապեր ստեղծել Մեծ Բրիտանիայի տարբեր խավերի և տնտեսության ոլորտի տարբեր շրջանակների հետ: Դա, իհարկե, հնարավորություն է տվել նրան՝ Մեծ Բրիտանիայի քաղաքական և տնտեսական շրջանակների ոլորտի մարդկանց կապել Հայաստանի հետ: Նա կապեր ունի և՛ Միացյալ Նահանգներում, և՛ Ռուսաստանում: Այդ իմաստով` նա ճկունություն, լայն մտահորիզոն ունեցող անձ է»,- նշեց նա: