Թող բացատրեն՝ մինչ այժմ կառավարության դռնբաց նիստերը հակաժողովրդավարակա՞ն են եղել. Ա. Սաքունց

21:35 • 06.02.18

Եթե ըստ արդարադատության նախարարի Դավիթ Հարությունյանի՝ կառավարության նիստերը դռնբաց անցկացնելը հակաժողովրդավարական է, ապա նույն տրամաբանությամբ մինչ այժմ անցկացված նիստերը հակաժողովրդավարական են: Սա Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի դիտարկումն է, որին կառավարությունից և անձամբ Դավիթ Հարությունյանից ակնկալում է պատասխան:

«Մեկ հարց պետք է ուղղել բոլոր նման տեսակետ արտահայտողներին՝ մինչ հիմա, որ կառավարության նիստերը բաց են եղել, ըստ իրենց տրամաբանության՝ եղել են հակաժողովրդավարակա՞ն: Այսինքն՝ կառավարությունը մինչև հիմա գործել է որպես հակաժողովրդավարակա՞ն։ Կարո՞ղ ենք այդպես գնահատել, թե ոչ. իրենք սա պետք է հստակ բացատրեն»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանը, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով գործադիր մարմնի նիստերը դռնփակ անցկացնելու վերաբերյալ որոշումը, ասել էր, որ դռնբաց նիստերին նախարարները կաշկանդվում են ազատ բանավիճել կառավարության նախագծերի շուրջ, և նիստերը դռնբաց անցկացնելը հակաժողովրդավարական է:

Ինչ վերաբերում է նախարարների կաշկանդված լինելու հանգամանքին, ապա Արթուր Սաքունցն ասաց. «Նախարարներին ոչ ոք ստիպողաբար չի նշանակում, և երբ համաձայնում է, պետք է միաժամանակ հասկանա, որ ոչ միայն օգտվելու է նախարարի լիազորություններից, այլև՝ պարտավորություններից, այն է՝ հանրության առջև հաշվետու, թափանցիկ լինելուց, ինչը ներառում է հենց նիստի ժամանակ իր վարքագծի, ինչպես նաև որոշումների ընդունման ժամանակ իր դիրքորոշումները»:

Իսկ եթե նախարարները կաշկանդված են, ապա, ըստ բանախոսի առաջարկի, պետք է անցնեն դասընթացներ՝ ինչպես պահել հանրային դաշտում առանց կաշկանդվելու, որ կարողանան ազատ շփվել լրագրողների հետ, հանրության առաջ հաշվետու լինել որպես նախարար կամ իր ոլորտում քաղաքականություն իրականացնող անձ:

Արթուր Սաքունցի երկրորդ հարցադրումն այն է, թե ինչու հենց հիմա հիշեցին այդ՝ «հակաժողովրդավարական» հանգամանքի մասին: Այն է՝ հենց պառլամենտական կառավարման անցնելու ժամանակ:

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ վարչապետի պաշտոնին հավակնում է նախագահ Սերժ Սարգսյանը, ով ըստ բանախոսի՝ բոլորովին աչքի չի ընկել ժողովրդավարական վարքագծով տարիներ շարունակ զբաղեցրած բարձրագույն պաշտոններում՝ թե՛որպես նախագահ, թե ՛ վարչապետ:

Հետևաբար, ըստ Արթուր Սաքունցի այստեղ պետք է տեսնել մեկ հարց՝ ինչպես անել, որ Սերժ Սարգսյանի՝ հանրության աչքում վարկաբեկման հետագա ընթացքը կասեցվի:

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ բուն ժողովրդավարության ու բաց կառավարման տեսանկյունից որոշումների ընդունումը պետք է լինի թափանցիկ, հրապարակային և, հետևաբար, հենց բաց նիստերն են, որ կարող են համարվել ժողովրդավարական: Իսկ հասարակությունն էլ անմիջապես, լրագրողների կողմից լուսաբանման միջոցով պետք է իրազեկվի որոշումների ընդունման ողջ գործընթացի մասին:  Այսինքն՝ հստակ է ժողովրդավարության տեսանկյունից դիտարկել նիստերի բաց վարումը:

Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողներին հայտնել էր նաև, որ կառավարության նիստերը դռնփակ իրականացնելու առաջարկ է արել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, բայց վերջինս հրաժարվել է, առաջարկել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանին, ով մտածելուց հետո տվել է իր համաձայնությունը:

Հարցին, թե ստացվում է, որ Հովիկ Աբրահամյանն ավելի ժողովրդավար էր, քան Կարեն Կարապետյա՞նը, Արթուր Սաքունցը պատասխանեց. «Քանի որ հովիկ Աբրահամյանը եղել է ՀՀԿ-ի նախընտարական շտաբի ղեկավարը, այդ առումով ժողովրդավարական որակումը տեղին չէ, բայց, այո, հասարակության առջև հաշվետու և պատասխանատու լինելու գիտակցմամբ ավելի է աչքի ընկնում, քան Կարեն Կարապետյանը, Դավիթ Հարությունյանն ու Սերժ Սարգսյանը»: