Ֆրանսիացի պաշտոնյաները կգիշերեն փողոցում՝ անօթևանների խնդիրները բարձրաձայնելու համար

19:44 • 27.02.18

Ֆրանսիայի մայրաքաղաքային շրջանը ներկայացնող մոտ 50 պաշտոնյա խիստ ցրտի պայմաններում ողջ գիշերն անցկացնելու է փողոցում, որպեսզի ուշադրություն հրավիրվի անօթևանների սառչելու խնդրին:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս նախաձեռնությամբ իր ֆեսբուքյան էջում հանդես է եկել Էտամպ կոմունայի փոխքաղաքապետ Մամա Սին: «Անցյալ տարի շուրջ 500 մարդ է մահացել փողոցում, որոնք տանիք չունեին գլխավերում: 2018-ին`ընդամենը 1.5 ամսվա ընթացքում արդեն 13 մարդ է մահացել միայն Փարիզում: Շուրջ 50 պատգամավոր փետրվարի 28-ին կքնեն փողոցում՝ «Աուստերլից» երկաթուղային կայարանի հարևանությամբ», - գրել է պաշտոնյան:  

Փետրվարի կեսերին Ֆրանսիայի մայրաքաղաքում «համերաշխության գիշեր» է տեղի ունեցել, որի ժամանակ հաշվարկվել է անօթևան մարդկանց թիվը: Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ Փարիզի փողոցներում շուրջ 5000 անօթևան է բնակվում, որոնց մի մասը ձմռանը կացարաններ են տեղափոխվում: Այնուամենայնիվ շուրջ 3000 մարդ տանիք չունի գլխի վերևում:

Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդվում էր, վերջին մի քանի օրում տանիք չունեցող 3 մարդ է մահացել Ֆրանսիայում: