Մերձմոսկովյան շրջանում ձերբակալվել է հակառուսական հայտարարություններով հայտնի լեհ լրագրող Թոմաշ Մացեյչուկը
ՌԴ Մերձմոսկովյան շրջանի Միտիշչի քաղաքում ոստիկանները ձերբակալել են լեհ լրագրող, բլոգեր, քաղաքագետ Թոմաշ Մացեյչուկին, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:
«Մացեյչուկն այժմ ձերբակալված է»,- ասել է աղբյուրը:
Ինչպես ավելի ուշ լրատվամիջոցին հայտնել է Մոսկվայի շրջանային դատարանի մամուլի քարտուղար Նատալյա Օսիպովան, նա ձերբակալվել է միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար, նրան սպառնում է Ռուսաստանից արտաքսում՝ մուտքի արգելքի սահմանմամբ:
Ավելի վաղ, սակայն, իրավապահ մարմիններում հայտնել են, որ Միտիշչիում լեհ լրագրողի բնակության վայրում առավոտից խուզարկումներ են սկսվել ազգամիջյան ատելություն սերմանելու մասին քրեական գործի շրջանակում: Բացի այդ, իրավապահները ստուգել են Ռուսաստանում նրա գտնվելու օրինականությունը:
Նշվում է, որ Մացեյչուկը բազմիցս մասնակցել է ռուսական դաշնային հեռուստաալիքներով հեռարձակվող թոք-շոուներին, նրա հակառուսական արտահայտությունների պատճառով 2017 թվականի ապրիլին НТВ հեռուստաալիքի եթերում ծեծկռտուք է տեղի ունեցել, իսկ 2016 թվականի նոյեմբերին՝ ТВЦ-ի եթերում:










