Գտնողն ինչքան փող ուզի, կտամ. գողացել են Առաքել Մովսիսյանի անվանական ատրճանակը, որը նվիրել են պատերազմի տարիներին

11:03 • 28.02.18

ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի մեքենայից գողացել են Արցախյան պատերազմի ժամանակ ստացած  «Բերետա» տիպի 9 մմ տրամաչափի անվանական ատրճանակը:

Նախկին պատգամավորը դիմել է ոստիկանություն:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Առաքել Մովսիսյանը:

«Մենք հայտարարություն ենք տվել, օրինական դիմել եմ ոստիկաններին, չգիտենք՝ գողացել են, թե ընկել է: Դա զենք չէ, դա Արցախյան պատերազմի ժամանակ ստացած պարգև է Արցախի պաշտպանության նախախարի կողմից, հուշանվեր է, մեդալ: Եթե մեդալը պետք է գողանան, ամո՛թ իրենց»,- ասաց Մովսիսյանը:

Հարցին, թե սովորաբար մեքենայի դռները բաց է թողնում, նախկին պատգամավորն ասաց, որ գյուղում մեքենայի դռները երբեք չի փակում:

Առաքել Մովսիսյանն ասաց, որ ատրճանակը գտնողին խոստանում է դրամական պարգև. «Գտնողին ես անձամբ, ինքս կպարգևատրեմ, գումարի չափն էլ... ինչքան ուզի կտամ, անկեղծ եմ ասում, մենակ գտնեմ»: