Դուտերտեն պատրաստակամություն է հայտնել վաղաժամ լքել Ֆիլիպինների նախագահի պաշտոնը

13:37 • 28.02.18

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն չի հավակնում ևս մի նախագահական ժամկետի և պատրաստ է վաղաժամ լքել պաշտոնը: Այս մասին հայտնում է Straits Times-ը՝ հղում անելով նախագահի մամուլի քարտուղար Հարի Ռոկեին:

«Նախագահը հայտնել է, որ ցանկանում է ժամկետից շուտ լքել իր պաշտոնը, եթե դա հնարավոր է, և չի մնա 2022 թվականին ժամկետի լրանալուց հետո ոչ մի րոպե ավել: Այն, որ նա չի մնա 2022 թվականից հետո՝ հաստատ է: Նա կարող է ավելի վաղ գնալ, եթե Սահմանադրության մեջ փոփոխություններ արվեն», - ասել է Ռոկեն:

Նա նաև նշել է, որ այս հարցում Դուտերտեն չի հետևի ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինի օրինակին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն առաջարկել է Սահմանադրությունից հեռացնել այն կետը, որի համաձայն ՉԺՀ-ի ղեկավարը և նրա տեղակալը «չեն կարող զբաղեցնել իրենց պաշտոնները երկու ժամկետից ավել»: ՉԺՀ ղեկավարը զբաղեցրել է իր պաշտոնը 2012 թվականին ու համաձայն գործող Սահմանադրության՝ պետք է մնա իր պաշտոնում մինչև 2023 թվականը: