Ադրբեջանի և Թուրքիայի համար չկա առանձին Արցախի հարց, կա հայության հարց, որին պետք է վերջ տրվի. Լարիսա Ալավերդյանը՝ սումգայիթյան ջարդերի մասին

13:45 • 28.02.18

Իրականում հստակեցվել է, որ չկա Ադրբեջանի և Թուրքիայի համար առանձին Արցախի հարց, կա հայության հարց, որին պետք է վերջ տրվի, և դա ժամանակին արվել է, սկսվել է Օսմանյան Թուրքիայում և շարունակվել է ժողովրդավարական Թուրքիայում: Նույնը տեղի է ունեցել Ադրբեջանում, այդ ազգային ճակատը ստեղծվել է հենց իշխանությունների օժանդակությամբ:

Այս մասին «Մեդիա կենտրոնում» «Սումգայիթյան ջարդերից 30 տարի անց. ադրբեջանահայ փախստականների չլուծված խնդիրները» թեմայով քննարկմանն ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի տնօրեն, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

Նշենք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը կազմակերպել էր «Սումգայիթյան ջարդեր. Հայատյացությունը՝ որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումներ:

«Մենք տարիներ շարունակ դիմել ենք այդպիսի հարցերով, և պետական մակարդակում դա երբևէ չի արվել, արվել է հասարակական կազմակերպությունների կողմից. հիմա շատ լավ է, որ դա տեղի ունեցավ: Ինչ վերաբերում է հայտարարություններին, ապա դեռ վաղուց սպասում եմ, որ այն ամենին, ինչ տեղի է ունենում, կարողանանք անուն տալ: Այստեղ որևէ այլ խնդիր դրված չէ»,- ասել է Լարիսա Ալավերդյանը:

Նրա ձևակերպմամբ՝ ոչ թե իրենք են պնդում, այլ դրա մասին ժամանակին Ամերիկայի Կոնգրեսը, Սենատը, Եվրապառլամենտն են գրել , երբ դեռ Խորհրդային Միության տարիներին էին դեպքերը տեղի ունենում:

«Դիմելով ԽՍՀՄ ղեկավարությանը՝ օգտագործվել է այդ բառապաշարը, այդ տերմինները. «Այս դարում երկրորդ անգամ ցեղասպանության նույն վտանգը կախված է հայերի առջև»: Կոչ են արել Խորհրդային Միության ղեկավարությանը, որ դադարեցնեն նմանատիպ գործողությունները և այլն: Այնպես որ, ես ընդամենն օգտագործում եմ այն եզրույթները, որ կասկած չէին հարուցում միջազգային բավականին բարձր ատյաններում»:

Ըստ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի տնօրենի՝ պետք է, ըստ երևույթին, նշել, որ ադրբեջանական ղեկավարության՝ Հեյդար Ալիևից կամ Էլչիբեյից, մինչև Իլհամ Ալիևի հայտարարությունները պետք է լուրջ ընդունենք և չմտածենք, թե սա փորձագետների մտացածին ինչ-որ եզրույթ է:

«Փաստորեն, իրենք էլ են իրենց ժողովրդավարական ուժ համարում: Անկախ Ադրբեջան, թե դրանից հետո Խորհրդային Ադրբեջան կամ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն, որի իրավահաջորդն է իրեն հայտարարել այսօրվա Ադրբեջանը, մնում է անփոփոխ: Մեկ կարևոր բան, ինչպես որ ասաց Իլհամ Ալիևը, իրենց ռազմավարական նպատակն այն է, որ այս բոլոր տարածքները «վերադարձնեն»: Արդեն 100 տարի նրանք շարունակում են իրենց նկրտումները՝ ամբողջ այս տարածքում: Հիշեցնենք, որ 1919 թ. Ադրբեջանը, դիմելով Փարիզի կոնֆերանս, ներկայացրել է իր քարտեզը՝ Բաքվից Բաթում: Այդ քարտեզով այն տարածքների հետ կապված, որոնց հանդեպ նա հավակնություններ ուներ, խնդիր կար Թուրքիայի հետ, որովհետև Իգդիրը համարվում էր Ադրբեջան, Ռուսաստանի հետ, որովհետև Դաղստանն ամբողջովին այդ քարտեզի մեջ էր, Վրաստանի հետ, որովհետև Բաթումը, Մառնեուլին կային քարտեզում և Հայաստանի հետ, որը հայտնվում էր այդ ծուղակի մեջ: Այնպես որ, ես ափսոսում եմ, որ ևս մեկ անգամ ԱԺ-ը չկարողացավ երևույթներն անվանել իրենց անունով»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

Նրա ձևակերպմամբ՝ մնում է հորդորել, որ պատգամավորները հստակեցնեն, որ այն, ինչ գրված է՝ էթնիկ զտում, հայաթափում, ֆիզիկական ոչնչացման սպառնալիք, այս ամենը կարելի է շարունակել՝ երեխաների ոչնչացում, հղիների սպանություն, դեռ չծնված երեխաների գլուխներով  ֆուտբոլ խաղալ…

«Ես կարծում եմ՝ այստեղ մենք պարտավորություն ունենք: Մենք պարտավորություն ունենք ասելու, որ այս երևույթը ցեղասպանական է, ամենևին չենք անդրադառնում զուտ պատմությանը, կանխարգելիչ քայլեր ենք անում, որ չկրկնվի»: