Սբ. Հարության տաճարի դռները բացվելուց հետո բանակցություններին մասնակցելու են և՛ քաղաքապետարանի, և՛ Կառավարության ներկայացուցիչները. Կորյուն վարդապետ

12:18 • 28.02.18

Երեկ՝ Երուսաղեմի ժամանակով ուշ երեկոյան, քաղաքի Սուրբ Հարության տաճարի հետ կապված անսպասելի զարգացումներ են տեղի ունեցել, ինչի արդյունքում որոշվել է բացել տաճարի դռները. երկրի վարչապետի գրասենյակից իրավատեր համայնքներին առաջարկվել է սկսել բանակցություններ:

Այս մասին  Tert.am-ին հայտնեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը, ով երեկ հայտարարել էր, որ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի դռները փակ են պահելու այնքան ժամանակ, մինչև հարկային և հողային հարցերին վերաբերող 2 որոշումները չեղարկվեն: 

Ավելին՝ նրանք այսօր պետք է թռուցիկներ բաժանեին տաճար այցելող զբոսաշրջիկներին, ուխտավորներին ու հավատացյալներին` բացատրելու, թե ինչու են տաճարի դռները փակ:

«Երեկ կեսօրից հետո Իսրայելի վարչապետի գրասենյակի կողմից հաղորդագրություն տարածվեց, ինչից վերհասու եղանք, որ բոլոր գործողությունները` թե՛ քաղաքապետարանի որոշումը, թե՛ Քնեսեթի շրջանառվող այս օրինագիծը կասեցվել են, և  հատուկ հանձնաժողովով է նշանակվել վարչապետի կողմից` բանակցություններ սկսելու երեք քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչների հետ: Այդ իսկ պատճառով երեկ՝ ուշ երեկոյան, հոգևոր պետերը որոշեցին եկեղեցու դռները բացել և բանակցությունների միջոցով հարցի լուծումը գտնել»,- ասաց Կորյուն վարդապետը:

Փաստորեն, երեկ երեք եկեղեցիների հոգևոր պետերի հավաքից հետո՝ ուշ երեկոյան, տեղի է ունեցել երկրորդ հավաքը:

Առայժմ բանակցությունների մեկնարկի ժամկետը նշված չէ, սակայն կազմը հայտնի է` մի կողմից լինելու են Ներքին գործերի, Ֆինանսների, Արտաքին գործերի նախարարություններից և քաղաքապետարանից ներկայացուցիչներ, մյուս կողմից` երեք իրավատեր եկեղեցիների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ քաղաքապետարանի հաշվարկների համաձայն՝ եկեղեցիները քաղաքային բյուջեին պարտք են ավելի քան 186 մլն դոլար:

Հարցին, թե ընդառաջման պատճառը քաղաքի կրած հազարավոր դոլարի վնասներն էին, Կորյուն վարդապետը դժվարացավ պատասխանել.

«Չեմ կարող ասել` ինչի արդյունքում եկան այդ եզրակացության, որ պետք է  կասեցվեն իրենց որոշումները, բայց փաստ է, որ դրանք կասեցված են, հրահանգ կա` բանակցությունների միջոցով հարցին լուծում տալ:

Հիշեցնենք, որ տաճարի վերաբացումից հետո հարյուրավոր ուխտավորներ  եկեղեցում աղոթում են՝ ծնկի իջած ու արտասվելով: